Հայտնի են Զինաիդա Սիմոնյանի հուշամրցաշարի հաղթողները

Հայտնի են Զինաիդա Սիմոնյանի հուշամրցաշարի հաղթողները

Տեղի է ունեցել աշխարհի և Եվրոպայի բազմակի չեմպիոն Զինաիդա Սիմոնյանի անվան հրաձգության հուշամրցաշարը, որի ընթացքին հետևել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալի պաշտոնակատար Կարեն Գիլոյանը:

Արդեն 8-րդ անգամ անցկացված հուշամրցաշարին մասնակցել են Երևանի հրաձգության մանկապատանեկան և Հրաձգության հանրապետական մարզադպրոցների, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի և Գյումրու քաղաքապետարանի ներկայացուցիչները:

Օդամղիչ հրացան, 10 մետր, 60 կրակոց մրցաձևում լավագույն արդյունքը գրանցել են Վրեժ Թորոսյանն ու Ալլա Պողոսյանը, օդամղիչ ատրճանակ, 10 մետր, 60 կրակոց ձևում՝ Նորայր Առաքելյանն ու Էլմիրա Կարապետյանը, իսկ վազող թիրախ, նորմալ վազք, 10 մետր, 30+30 կրակոց և խառը վազք, 10 մետր, 20+20 կրակոց ձևերում առաջին մրցանակին արժանացել են Հովհաննես Մարգարյանն ու Լիլիթ Մկրտչյանը:

Հուշամրցաշարի եզրափակիչ օրը Գոռ Խաչատրյանը, որը վերջին մեկ տարում լրացրել է ՀՀ սպորտի վարպետի և ՀՀ միջազգային կարգի սպորտի վարպետի նորմաները, ստացել է համապատասխան կոչումները: Միլենա Պողոսյանին և Արմեն Մարտիրոսյանին հանձնել են ՀՀ սպորտի վարպետի, իսկ Ժաննա Պողոսյանին և Տիգրան Մանուկյանին՝ ՀՀ սպորտի վարպետի թեկնածուի կոչումներ:

Հայաստանի հրաձգության ֆեդերացիայի մարզչական կազմի որոշմամբ՝ հուշամրցաշարի լավագույն մարզիկ է ճանաչվել Հովհաննես Մարգարյանը, ով, խառը վազք ձևում խոցելով 386 միավոր, սահմանել է Հայաստանի ռեկորդ:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում