Գրքի երևանյան փառատոնով կտրվի մշակութային կրթության ուսումնական տարվա մեկնարկը. մամուլի ասուլիս
Մի քանի օրից կմեկնարկի ԿԳՄՍ նախարարության Գրքի երևանյան միջազգային յոթերորդ փառատոնը: Սեպտեմբերի 6-8-ը Հայաստանի ազգային պատկերասրահում տարվա ամենասպասված գրական իրադարձությանը նախատեսված է 32 միջոցառում:
Հայաստանի ազգային պատկերասրահի Որմնանկարների սրահում տեղի է ունեցել մամուլի ասուլիս, որի ընթացքում ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, Երևանի փոխքաղաքապետ Լևոն Հովհաննիսյանը, փառատոնի համակազմակերպիչ, ԳԱԹ տնօրեն Սյուզաննա Խոջամիրյանը և փառատոնի տնօրեն Անի Ղազարյանը ներկայացրել են Գրքի երևանյան միջազգային յոթերորդ փառատոնի ծրագիրը:
Գրքի կյանքը՝ ստեղծողից մինչև ընթերցող
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը շնորհավորել է ներկաներին Հայաստանում գրականության և գրահրատարակչության ոլորտի ամենամեծ միջոցառման կապակցությամբ և ընդգծել՝ այն ԿԳՄՍ նախարարության լավագույն ծրագրերից մեկն է, որը յոթ տարի պահպանում է իր կարևորությունն ու հետաքրքրությունը հայ ընթերցասեր հանրության շրջանում: «Երեք օրերի ընթացքում նախատեսված են բազմաթիվ միջոցառումներ՝ գրքերի շնորհանդեսներ, հանդիպումներ հայ և արտասահմանյան գրողների հետ, պոեզիայի ընթերցումներ և այլն։ Նպատակն է ստեղծել մի միջավայր, որտեղ ներկա կլինեն գրքի կյանքի շղթայի բոլոր օղակները՝ ստեղծողից մինչև ընթերցող,- ասել է ԿԳՄՍ նախարարի տեղակալը և հավելել,- այս ուսումնական տարին հայտարարված է մշակութային կրթության տարի, և այն Գրքի երևանյան միջազգային փառատոնով սկսելը համահունչ է մեր այս մոտեցմանը»,-նշել է նախարարի տեղակալը՝ կոչ անելով դպրոցներին ակտիվորեն մասնակցել փառատոնի շրջանակում անցկացվող միջոցառումներին:
Փառատոնը մարզեր տանելու մասին
Նա ընդգծել է, որ փառատոնը հայ գրողների համար միջազգային ասպարեզում ճանաչելի դառնալու լավ հարթակ է: Դանիել Դանիելյանն իրազեկել է, որ ԿԳՄՍ նախարարի առաջարկությամբ քննարկվում են միջազգային այլ փառատոների հետ կապերը զարգացնելու, ինչպես նաև փառատոնը մարզերում անցկացնելու, մասշտաբներն ընդլայնելու, նոր գործընկերներ ձեռք բերելու հնարավորությունները:
Նա նաև շնորհակալություն է հայտնել գործընկերներին, մասնավորապես՝ գլխավոր հովանավոր Երևանի քաղաքապետարանին, մյուս աջակիցներին ու մասնակից կառույցներին:
Երևանի փոխքաղաքապետ Լևոն Հովհաննիսյանը ևս ողջունել է ներկաներին և նշել, որ գրականության ոլորտում իրականացվող ծրագրերը խթանում են ընթերցանությունն ու գրականության նկատմամբ երիտասարդների հետաքրքրության բարձրացումը:
Միսաք Մեծարենցի մատանու ցուցադրությունը փառատոնի շրջանակում
Փառատոնի համակազմակերպիչ, ԳԱԹ տնօրեն Սյուզաննա Խոջամիրյանը շնորհավորել է բոլորին Գրքի երևանյան միջազգային փառատոնի կապակցությամբ և համոզմունք հայտնել, որ այս փառատոնն իրապես գրական տոն է մեր երկրի և քաղաքի համար: ԳԱԹ տնօրենն անդրադարձել է Գրքի երևանյան միջազգային 7-րդ փառատոնի առանձնահատուկ մի նախաձեռնությանը՝ թանգարանային մեկ առարկայի ցուցադրությանը:
«Գրականության և արվեստի թանգարանում են պահվում հայ և սփյուռքահայ գրեթե բոլոր գրողների, գրական գործիչների և ոլորտի երևելիների անձնական արխիվները: Այդ արխիվները ներառում են ոչ միայն գրավոր ժառանգության նմուշներ, այլև անձնական իրեր, այդ թվում՝ կահ-կարասի, հագուստ, զենքեր, զարդեր և այլն: Ահա այս հավաքածուներից մեկում է պահվում հայ գրականության ամենալուսավոր և սիրելի դեմքերից մեկի՝ Միսաք Մեծարենցի մատանին: Սա սովորական մատանի չէ. կիսաթանկարժեք երկշերտ քարով պատրաստված այս ոսկե մատանին Մեծարենցին նվիրել է մայրը: Բանաստեղծն այն կրել ու փայփայել է՝ իբրև իր կյանքի ամենաթանկարժեք գանձ: Նվեր ստանալուց հետո՝ տարիներ անց, Մեծարենցը մատանու վրա փորագրել է Հովհաննես Ավետարանչի խոսքերը՝ «Կատարեալ սէր մերժէ զերկիւղ /կատարյալ սերը մերժում է վախը/»: Հետագայում այս մատանին թանգարանին է փոխանցել Մեծարենցի եղբոր դուստրը»,- պատմել է ԳԱԹ տնօրենը և վստահություն հայտնել, որ Միսաք Մեծարենցի հոգուց և մատանուց ճառագած կատարյալ սերը փոխանցվելու է փառատոնի մասնակիցներին և ցուցադրության բոլոր այցելուներին:
Բոլոր միջոցառումների մուտքն ազատ է
Փառատոնի տնօրեն Անի Ղազարյանը հակիրճ ներկայացրել է ծրագիրը: Ըստ նրա՝ փառատոնն ունի երեք բաղադրիչ՝ գրքի տոնավաճառը՝ 20-40% պարտադիր զեղչով, որը կլինի Հայաստանի ազգային պատկերասրահի և Հայաստանի պատմության թանգարանի կամարաշարում, 32 տարաբնույթ միջոցառումները և ամենահեղինակավոր գրական մրցույթը՝ «Պոեզիա», «Արձակ», «Դրամատուրգիա» և «Մանկապատանեկան գրականություն» անվանակարգերում: Բոլոր միջոցառումների մոտքն ազատ է:
Կլինեն թատերական ներկայացումներ
Որպես հետաքրքրական միջոցառումներ՝ Անի Ղազարյանն առանձնացրել է թատերական ներկայացումները՝ «Անտիպոեզիա» և «Իմ ընտանիքը իմ ճամպրուկում է», որոնց մուտքը՝ պարտադիր գրքով: «Ներկայացումներին հանրությունը կարող է հետևել «մուտքը գրքով» սկզբունքով, որը բարեգործական նպատակով է: Գրքերը փոխանցվում են «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամին և տրամադրվում սահմանամերձ գյուղերին»,- ասել է Անի Ղազարյանը: Նա նաև իրազեկել է, որ նախատեսվում է փոքրիկ հատված հատկացնել գրական սրճարանին՝ որպես նորույթ, որտեղ այցելուները կարող են վայելել սիրած գրողների նախընտրած ուտեստները:
Ծրագրին հնարավոր է ծանոթանալ փառատոնի պաշտոնական կայքում՝ www.evnbookfest.com:
Ասուլիսին ԶԼՄ ներկայացուցիչներն իրենց հուզող հարցերն են ուղղել բանախոսներին փառատոնի միջոցառումների և կազմակերպչական այլ հարցերի վերաբերյալ:
Նշենք, որ փառատոնի հիմնադիրը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն է։ Այս տարվա գլխավոր հովանավորը Երևանի քաղաքապետարանն է: Փառատոնն իրականացնում են Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանը և «Գրքի փառատոն» կրթամշակութային հասարակական կազմակերպությունը՝ Ստեղծագործ Եվրոպայի «Վերսոպոլիս» նախագծի աջակցությամբ:
Կարծիքներ