Իսրայելական տանկերը նորից մտել են Գազա
Գազա քաղաքում գտնվող պաղեստինցիները հայտնել են, որ Իսրայելի կողմից ինտենսիվ ռմբակոծության են ենթարկվում։ Ըստ ականատեսների՝ իսրայելական տանկերը մի քանի տարբեր ուղղություններից մոտենում են քաղաքի կենտրոնին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է BBC-ն։
Գազայի քաղաքացիական արտակարգ իրավիճակների ծառայությունը հայտնել է, որ, ամենայն հավանականությամբ, կան զոհեր, սակայն հնարավոր չէ նրանց հասնել, քանի որ քաղաքի արևելյան և արևմտյան շրջաններում մարտեր են ընթանում։
Ըստ տեղեկությունների՝ ալ-Ահլի Բապտիստ հիվանդանոցից տարհանում է իրականացվել․ հիվանդներին տեղափոխել են քաղաքում գործող միակ և արդեն իսկ գերծանրաբեռնված ինդոնեզական հիվանդանոց։
Նախքան գործողության մեկնարկը Իսրայելի պաշտպանության բանակը քաղաքացիական անձանց հրահանգել էր դուրս գալ Գազա քաղաքի արևմտյան շրջաններից։
Կողմերի միջև հրադադար կնքելու շուրջ բանակցությունները վերսկսվել են և կշարունակվեն այս շաբաթ։ ՀԱՄԱՍ-ի աղբյուրները հայտնել են, որ հրաժարվել են իրենց հիմնական պահանջներից մեկից, ըստ որի Իսրայելը պետք է մշտական զինադադարի գնար՝ որպես ցանկացած հնարավոր գործարքի նախապայման։ Իր հերթին Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ ոչ մի գործարք չպետք է խոչընդոտի Իսրայելին վերսկսել Գազայի հատվածում ռազմական գործողությունները, մինչև Իսրայելը չհասնի իր նպատակներին, այն է՝ ՀԱՄԱՍ-ի քաղաքական և ռազմական կառույցների ոչնչացմանը։
2023 թ. հոկտեմբերի 7-ին պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման զինյալների ներխուժման հետևանքով Իսրայելում 1200 մարդ է զոհվել, շուրջ 250 մարդ՝ գերեվարվել։ Իսրայելի պատասխան ռազմական գործողությունների ընթացքում Գազայի հատվածում զոհերի թիվն, ըստ տեղի իշխանությունների, հասել է 38 200-ի։
Կարծիքներ