Ախալցխայում կորոնավիրուսի դեմ AstraZeneca դեղամիջոցով պատվաստվելուց հետո բուժքույրը կոմայի մեջ է ընկել
Ախալցխայում AstraZeneca դեղամիջոցով կորոնավիրուսի դեմ պատվաստվելուց 15 րոպե հետո բուժքույրն ընկել է կոմայի մեջ, հաղորդում է վրացական«Սամխրեթիս կարիբչե» գործակալությունը:
Աղբյուրի համաձայն, կինը վերակենդանացման բաժանմունքում է՝ ծայրահեղ ծանր վիճակում:
Կլինիկայի բակում հավաքվել են բուժքրոջ հարազատները, նրանք հանդիպում են պահանջել կլինիկայի ղեկավարության հետ: Ըստ նրանց՝ երեք ժամ շարունակ ապարդյուն փորձել են պարզել իրենց հարազատի առողջական վիճակը, սակայն բժիշկները դուրս չեն եկել, իսկ անվտանգության աշխատակիցները նրանց թույլ չեն տվել մուտք գործել կլինիկա:
Հիվանդանոցի մոտ տեղի է ունեցել միջադեպ. բուժքրոջ հարազատները, բարկացած դեպքից ու անտեղյակությունից հուսահատված, կոտրել են կլինիկայի ապակիները, հաղորդում է Samkhretis Karibche-ն: Բուժհաստատությունում մոբիլիզացվել են ոստիկանության աշխատակիցները:
Վրաստանը AstraZeneca պատվաստանյութի չափաբաժինը ստացել էր մեկ շաբաթ առաջ: Այն նախատեսված է միայն բուժաշխատողների համար, սակայն առ այսօր պատվաստվել է 2 719 բւժաշխատող. ըստ նախատեսվածի պետք է պատվաստվի ևս 5 350 բուժաշխատող: Ինչպես ավելի վաղ վրացական աղբյուրները հաղորդել էին, բու ժաշխատողները առանձնապես պատվաստվելու ցանկություն չեն ցուցաբերում, այն աստիճան, որ Վրաստանի հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեն օրեր առաջ աջակցության խնդրանքով դիմել էր Վրաստանի Սուրբ Սինոդին:
Կարծիքներ