Զոհրաբյանը գերիներին վերադարձնելու միակ կարևոր լծակ է համարում Ադրբեջանի դեմ միջազգային պատժամիջոցները
ՀՀ ազգային ժողովի պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը միջազգային հանրությանը վստահեցնում է, որ գերիներին վերադարձնելու միայն կոչերն արդյունք չեն տալու և հորդորում է կոնկրետ պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի, Իլհամ Ալիևի և նրա ընտանիքի նկատմամբ: Զոհրաբյանն այս մասին ասաց ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում:
Զոհրաբյանը հիշեցրեց ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության ղեկավարի հետ իր առանձնազրույցի մասին: «Իրենք որպես առաջնային քայլ նշում էին, որ Հայաստանը պետք է ճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ Արցախի գրավյալ տարածքներով»,-ասաց նա ու կարծիք հայտնեց, որ որևէ ադեկվատ իշխանություն նման քայլի չպետք է գնա:
Անդրադառնալով նրան, թե այդ դեպքում ի՞նչ պետք է անել, ի՞նչ հնարավորություն կա՝ ռազմագերիներին վերադարձնելու համար՝ Զոհրաբյանը ասաց, որ կա դեռ մի կարևոր գործիք: «Կարևոր գործիքը միջազգային հանրության իրական պատժամիջոցներն են: Եվրոպայի խորհրդում հանդիպելով Եվրոպական միության տարբեր պաշտոնյաների հետ, նաև լիագումար նիստում, քաղաքական խմբերում՝ ես առաջարկել եմ դադարեցնել անատամ հայտարարությունները, հորդորները, կոչերը»,-ասաց նա ու նկատեց, որ, իհարկե, քաղաքակիրթ երկրի համար այդ կոչերը կարող էին լինել բավարար, սակայն Ադրբեջանը ռազմական հանցագործ երկիր է:
Ըստ նրա՝ միակ գործոնը, լծակը, որը գուցե հնարավորություն տա գործընթացը արագացնել, կարող է լինել Ադրբեջանի նկատմամբ շատ կոնկրետ պատժամիջոցի կիրառումը: Պատգամավորը նկատեց, որ եվրոպական կառույցները դա պարբերաբար անում են ՌԴ-ի, Բելառուսի հանդեպ: «Օրինակ ինչո՞ւ չկասեցնել Մեծ Բրիտանիայում, եվրոպական բանկերում Ալիևի, նրա ընտանիքի և Ադրբեջանի քաղաքական էլիտայի բանկային հաշիվները: Ինչո՞ւ չկասեցնել ադրբեջանական պատվիրակության լիազորությունները կամ պատվիրակությանը զրկել ձայնի իրավունքից Եվրոպայի խորհրդում»,-ասաց նա:
Ադրբեջանը, չնայած 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը, հրաժարվում է կատարել ստանձնած պարտավորությունները և ամբողջությամբ վերադարձնել հայ ռազմագերիներին:
Կարծիքներ