Արտակ Բեգլարյանը համոզված է, որ ռուս խաղաղապահները երկար ժամանակով են գտնվելու Արցախում

Արտակ Բեգլարյանը համոզված է, որ ռուս խաղաղապահները երկար ժամանակով են գտնվելու Արցախում

Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանն Արցախից արտագաղթը կանխելու համար երկու հիմնական քայլ է տեսնում` երկարաժամկետ անվտանգության ապահովում և բնակարանային հարցերի հնարավորինս արագ և արդյունավետ լուծում: Արտակ Բեգլարյանն այդ մասին ասաց առցանց մամուլի ասուլիսի ժամանակ՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե Արցախի կառավարությունը ի՞նչ ծրագրեր է մշակում արտագաղթը վերացնելու համար:

«Իհարկե, անվտանգությունը գլխավորն է. մարդիկ պետք է զգան, որ այստեղ անվտանգ է և իրենց երկարաժամկետ կյանքը պլանավորեն: Բարեբախտաբար, կարող եմ ասել, որ ի տարբերություն հետպատերազմյան սկզբնական շրջանի` 2020 թվականի նոյեմբեր, դեկտեմբեր, հունվարի ամիսների, արդեն մեզ համար և ժողովրդի համար էլ ակնհայտ է, որ անվտանգության  պայմաններն ավելի արդյունավետ են, քան շատերը սպասում էին: Մեր ակնկալիքները ավելի վատ էին և բացասական, քան իրականությունը եղավ: Սա լրացուցիչ դրական միտումներ է տալիս և դրական հույս տալիս մեր հասարակությանը, որ կարող է երկարաժամկետ կյանք պլանավորել այստեղ»,- ընդգծեց Բեգլարյանը:

Պետնախարարն անդրադարձավ նաև այն մտահոգություններին, թե ի՞նչ է լինելու հինգ տարի հետո, երբ ռուս խաղաղապահների` Արցախում մնալու ժամկետը ավարտվի: Բեգլարյանը միանշանակ կարծում է, որ ռուս խաղաղապահների ներկայությունը հինգ տարով չէ սահմանափակված:

«Թե լուծումները ինչպիսի կլինեն, ժամանակը ցույց կտա, նաև գերտերություններն իրենց գործողություններով ցույց կտան, բայց ես համոզված եմ, որ երկար ժամանակ մենք ունենալու ենք այստեղ ռուս խաղաղապահներ, որոնք երաշխավորելու են մեր անվտանգությունը: Իհարկե, մեր Պաշտպանության բանակը իր մասով երաշխավորում է անվտանգությունը և ժամանակի ընթացքում, կարծում եմ, որ շատ ավելի արդյունավետորեն են երաշխավորելու: Մեր օրակարգը խաղաղ բանակցային գործընթացով մեր անվտանգության երաշխավորումն է, որին, հուսանք, Ադրբեջանը պատրաստ կլինի»,- եզրափակեց Բեգլարյանը:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում