Նիդեռլանդներում սպառողների իրավունքների պաշտպանները 12 միլիարդ եվրո են պահանջում Meta-ից
Նիդեռլանդներում սպառողների իրավունքների պաշտպանները մտադիր են նոր դատական քննություն սկսել ամերիկյան Meta ընկերության դեմ, որին պատկանում են Facebook և Instagram սոցիալական ցանցերը՝ փոխհատուցելու օգտատերերին պատճառված վնասը: Պահանջվող փոխհատուցման ընդհանուր գումարը կկազմի մոտ 12 մլրդ եվրո: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է NL Times լրատվական հարթակը։
2023 թվականին Ամստերդամի դատարանը որոշել է, որ Meta-ն երկար տարիներ խախտել է հոլանդացի օգտատերերի գաղտնիությունը։ Դատարանի կարծիքով՝ Meta-ն բավարար չափով չի տեղեկացրել սպառողներին, թե ինչի համար են օգտագործվել նրանց տվյալները։ Նաև չի եղել գովազդի նպատակներով տվյալների օգտագործման թույլտվություն։ Բացի այդ, դատարանի կարծիքով, Meta-ն մոլորության մեջ է գցել է իր օգտատերերին՝ թաքցնելով կարևոր տեղեկատվությունը։
Այս ամենը հաշվի առնելով՝ Անձնական տվյալների պաշտպանության հիմնադրամը և Սպառողների իրավունքների պաշտպանության ասոցիացիան բանակցություններ են սկսել Meta-ի հետ փոխհատուցումների վճարման շուրջ, սակայն այդ բանակցությունները մտել են փակուղի։ Ուստի որոշում է ընդունվել նոր հայց հարուցելու մասին։
Կազմակերպությունները պահանջում են, որ Meta-ն Facebook-ի յուրաքանչյուր նիդեռլանդցի օգտատիրոջը վճարի 750 եվրո՝ որպես անձնական տվյալների հավաքման և օգտագործման բոլոր վնասակար հետևանքների փոխհատուցում և 500 եվրո Facebook-ի և Instagram-ի յուրաքանչյուր օգտատիրոջ համար՝ նրանց տվյալներն անօրինական ճանապարհով ԱՄՆ փոխանցելու համար։ Բացի այդ, սպառողների շահերի պաշտպանները դատավորներից պահանջում են նշանակել փոխհատուցման լողացող գումար Facebook-ի օգտատերերի համար՝ կախված նրանց տվյալների արժեքից, որոնք Meta-ն օգտագործել է անօրինականորեն:
Փոխհատուցման ընդհանուր չափը չի հաղորդվում։ Սակայն NL Times-ը պնդում է, որ խոսքը վերաբերում է մոտավորապես 12 միլիարդ եվրոյի՝ հաշվի առնելով վնասների փոխհատուցման համար ներկայացված հայտերի քանակը:
Կարծիքներ