ՆԳ նախարարն ընդունել է Կանզասի նահանգապետին. Լորա Քելլին փորձի փոխանակման պատրաստակամություն է հայտնել
ՀՀ ՆԳ նախարար Վահե Ղազարյանը հունիսի 22-ին ընդունել է ԱՄՆ Կանզասի նահանգապետ Լորա Քելլիի գլխավորած պատվիրակությանը։ Վահե Ղազարյանը բարձր է գնահատել երկու երկրների միջև ձևավորված բարեկամական հարաբերությունները, որոնք 30 տարվա պատմություն ունեն և հիմնվում են ժողովրդավարության, մարդու իրավունքների և իրավունքի գերակայության ընդհանուր արժեքների վրա։
Վահե Ղազարյանը կարևորել է ԱՄՆ նահանգային համագործակցության ծրագրի շրջանակներում դեռևս 2003 թվականից Կանզաս նահանգի ազգային գվարդիայի հետ համագործակցությունը: Նա հանգամանորեն ներկայացրել է նաև ներքին գործերի նախարարությունում ընթացող բարեփոխումները։
Լորա Քելին բարձր է գնահատել արդեն իսկ ձևավորված համագործակցությունը, ողջունել իրականացվող բարեփոխումները և փորձի փոխանակման պատրաստակամություն հայտնել։
Կողմերը քննարկել են թմրաշրջանառության դեմ պայքարի և ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբ ոստիկանության աշխատանքները։ Անդրադարձ է եղել նաև ՆԳՆ փրկարար ծառայության աշխատանքներին:
Փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանը ներկայացրել է ծառայության գործառույթներն ու կառուցվածքը։ ՆԳՆ փոխնախարար Արփինե Սարգսյանն անդրադարձել է աղետների ռիսկերի կառավարման թեմային: Խոսել աղետների վաղ ազդարարման, արագ արձագանքման, աղետների հետևանքների վերացման և, ընդհանուր առմամբ, աղետների ռիսկի ողջ ցիկլի կառավարման խնդիրներից:
Նշել է նաև, որ այդ ուղղությամբ քննարկումներ են եղել USAID-ի հետ, ինչի արդյունքում նախագիծ է ներկայացվել ՀՀ կառավարություն: Քննարկվել են նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:
Հանդիպման ավարտին կողմերը պատրաստակամություն են հայտնեցին շարունակել և ամրապնդել երկկողմ արդյունավետ համագործակցությունը։
Կարծիքներ