ՀՀ նախագահը ստորագրել է ԱԺ կանոնակարգ օրենքի լրացումները

ՀՀ նախագահը ստորագրել է ԱԺ կանոնակարգ օրենքի լրացումները

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հունիսի 24-ին ստորագրել է մի շարք օրենքներ, որոնց թվում է նաեւ նախօրեին ԱԺ-ում քննարկված եւ ընդունված ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքների փաթեթը:
Այսպիսով, Սահմանադրության փոփոխությունների ուժի մեջ մտնելու համար մնաց մեկ քայլ. ԱԺ նախագահը պետք է հրապարակի դրանք:

Հիշեցնենք, որ Սահմանադրության 213 հոդվածում կատարված այդ փոփոխությունների արդյունքում ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը դառնում է ՍԴ անդամ, 12 տարուց ավելի պաշտոնավարած ՍԴ անդամներ Ալվինա Գյուլումյանը, Ֆելիքս Թոխյանը եւ Հրանտ Նազարյանը գնում են թոշակի: Երկամսյա ժամկետում ՀՀ նախագահը, Կառավարությունը եւ Դատավորների ընդհանուր ժողովը առաջադրում են ՍԴ անդամների թեկնածություններ, որոնք ԱԺ կողմից ընտրվելուց հետո փոխարինում են թոշակի գնացած դատավորներին:

ՀՀ նախագահի աշխատակազմի կողմից տարածված հայտարարությունում, ի դեպ, ասվում է, որ նախագահը ստորագրել է նաեւ «Արժեթղթերի շուկայի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին ՀՀ օրենքների փաթեթը, «Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին, «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին օրենքների փաթեթը»: 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում