Նիկոլ Փաշինյանը կարևորել է ներդրողներին օժանդակության մեխանիզմների և գործիքակազմի բարելավումը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է «Էնթերփրայզ Արմենիա» ներդրումների աջակցման կենտրոն՝ կառույցի 2022 թ. գործունեության հաշվետվությանը ծանոթանալու նպատակով:
Խորհրդակցությանը մասնակցել են փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանը և Տիգրան Խաչատրյանը, էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Բագրատ Բադալյանը, Պետական վերահսկողական ծառայության ղեկավարի տեղակալ Ռոբերտ Բազիկյանը, «Էնթերփրայզ Արմենիա»-ի գլխավոր տնօրեն Լևոն Օհանեսյանը, կառույցի ղեկավար կազմը, պաշտոնատար այլ անձինք:
Վարչապետին են ներկայացվել 2022 թ. «Էնթերփրայզ Արմենիա»-ի կողմից 3 հիմնական ուղղությամբ իրականացված աշխատանքները, այն է՝ «մեկ պատուհան» սկզբունքով օտարերկրյա և տեղացի ներդրողներին ներդրումներ իրականացնելու գործընթացում ուղեկցում, Հայաստանում գործող օտարերկրյա ներդրողների հետներդրումային սպասարկում և Հայաստանի ներդրումային միջավայրի առաջմղում, նոր ներդրումների ներգրավում:
Զեկուցվել է, որ հաշվետու տարում «Էնթերփրայզ Արմենիա» է դիմել ավելի քան 610 գործարար և ներդրող, իսկ ստեղծումից ի վեր կառույցը տարբեր փուլերում աջակցություն է տրամադրել ավելի քան 1600 գործարարի։
Աշխատանք է տարվել 280-ից ավելի ներդրումային նախաձեռնությունների ուղղությամբ: Ուղեկցվող ընթացիկ ներդրումային ծրագրերի թիվը 40 է՝ 2.4-3.2 մլրդ ԱՄՆ դոլար ակնկալվող ծավալով, արդեն մեկնարկել է 26 ծրագիր՝ շուրջ 350 մլն ԱՄՆ դոլար ակնկալվող ծավալով:
Վարչապետին ներկայացվել են նաև ներդրումների ներգրավման ուղղությամբ 2023 թ. ծրագրված աշխատանքները:
Նշվել է, որ ընթացիկ տարում նախատեսվում է ակտիվացնել թիրախային աշխատանքը՝ օտարերկրյա ներդրողների հետ ուղիղ շփումների, միջազգային հեղինակավոր միջոցառումներին մասնակցության, թվային և այլ հարթակներում Հայաստանի առաջմղման, արտերկրում ձևավորված ներկայացուցիչների ցանցի և ինստիտուցիոնալ գործակցության միջոցով:
Հաշվետվության ներկայացմանը հաջորդել է մտքերի փոխանակությունը, որի շրջանակում քննարկվել են ներդրումային միջավայրի շարունակական բարելավման ուղղությամբ անելիքներին և միջոցառումներին առնչվող հարցեր:
Վարչապետի հարցադրումներին ի պատասխան՝ պատասխանատուները մանրամասներ են ներկայացրել ներդրումային գործընթացի ուղեկցման մոդելների, ընթացիկ ու նախատեսվող ծրագրերի, «Էնթերփրայզ Արմենիա»-ի զարգացման տեսլականի վերաբերյալ:
Վարչապետ Փաշինյանը կարևորել է ներդրումների ներգրավման, ներդրողներին օժանդակության մեխանիզմների և գործիքակազմի շարունակական բարելավումը՝ Կառավարության հաստատած ռազմավարական մոտեցումներին համապատասխան:
Խորհրդակցության արդյունքներով Կառավարության ղեկավարը տվել է մի շարք հանձնարարականներ:
Կարծիքներ