Տիմոշենկոն հայտարարել է, որ 2019թ. նախագահական ընտրություններում ուկրաինացիները «դաժանորեն խաբվել են»
Ուկրաինացիներին «դաժանորեն խաբել են» 2019 թվականի գարնանը կայացած նախագահական ընտրություններում: Այս մասին «112 Ուկրաինա» հեռուստաալիքի եթերում հայտարարել է Գերագույն ռադայում «Բատկիվշչինա» կուսակցության առաջնորդ Յուլիա Տիմոշենկոն։
Քաղաքական գործչի խոսքով՝ այդ ընտրությունների հետևանքով «երկրի ղեկը հայտնվել է խամաճիկների ձեռքերում»:
Տիմոշենկոն իր անհանգստությունն է հայտնել այն առնչությամբ, որ Ուկրաինան ոչինչ չի արտադրում, ամեն ինչը ներկրում է՝ չնայած, որ «յուրահատուկ հող» ունի ու կարող է ամեն ինչ աճեցնել:
«Ուկրաինան ներկրում է բանջարեղեն, կարտոֆիլ և միրգ՝ չնայած այն հանգամանքին, որ այդ ամենը կարելի է աճեցնել մեր «յուրահատուկ հողում»,-ասել է նա։
Պատգամավորը հավելել է, որ ինքն ու իր թիմը հակաճգնաժամային ծրագիր են պատրաստում, որտեղ կետ առ կետ նկարագրվում է, թե ինչպես դուրս գալ ստեղծված ճգնաժամային իրավիճակից:
«Մենք պատրաստվում ենք այն պահին, երբ մարդիկ կգիտակցեն, թե ինչպես են իրենց դաժանորեն խաբել նախորդ նախագահական ընտրություններում, ինչպես են երկրի ղեկը հանձնել խամաճիկներին, որոնք ինքնուրույնություն չունեն»,- ընդգծել է Տիմոշենկոն:
Կարծիքներ