Սեուլում դատախազը կծել է տաքսու վարորդին
Սեուլի ոստիկանությունը հետաքննում է մի դեպք, որի ժամանակ դատախազության աշխատակիցը ծեծել եւ կծել է տաքսու վարորդին: Ինչպես հայտնել են հարավկորեական լրատվամիջոցները, վկայակոչելով Սեուլի Սոչխոյի շրջանի ոստիկանական բաժանմունքի տեղեկատվությունը, դեպքը տեղի է ունեցել օգոստոսի 14-ի կեսգիշերին:
Գլխավոր դատախազության 36-ամյա աշխատակիցը հարբած վիճակում նստել է տաքսի, որի վարորդը տարեց մարդ է եղել: Անհայտ պատճառներով դատախազը մեքենայի արագ ընթացքի ժամանակ փորձել է բացել դուռը եւ դուրս գալ: Վարորդը կանգնեցրել է մեքենան եւ սկսել է ուղեւորին համոզել հանդարտվել՝ նշելով, որ դեռ չեն հասել նշված հասցե: Սակայն ուղեւորն, ի պատասխան, հարվածել է վարորդին եւ կծել է նրա ուսը, հայտնում է RG-ն:
Զանգով ժամանած ոստիկանական ջոկատը ձերբակալել է խառնաշփոթ ստեղծողին, իսկ վարորդը տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ նրան առաջին բուժօգնություն է ցուցաբերվել: Գլխավոր դատախազությունում հրաժարվել են մեկնաբանել իրավիճակը՝ հայտարարելով միայն, որ իրենք «ուշադիր հետեւում են միջադեպի հետաքննությանը»: Հայտնի է, որ խառնաշփոթ ստեղծողն աշխատում է Ինչխոն քաղաքի Պուչոնի շրջանի դատախազության բաժանմունքում, սակայն 2020-ի փետրվարից գործուղվել է աշխատանքի երկրի գլխավոր դատախազություն:
Կարծիքներ