Փոխվարչապետ Խաչատրյանը և ՌԴ դեսպանը կարևորել են տնտեսական համագործակցության հետագա զարգացումն ու ընդլայնումը

Փոխվարչապետ Խաչատրյանը և ՌԴ դեսպանը կարևորել են տնտեսական համագործակցության հետագա զարգացումն ու ընդլայնումը

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ:

Փոխվարչապետ Խաչատրյանն իր խոսքում բարձր է գնահատել Ռուսաստանի Դաշնության հետ հաստատված սերտ համագործակցությունը և կարևորել հատկապես տնտեսական ուղղություններով հարաբերությունների զարգացումը։

Դեսպան Կոպիրկինը շնորհավորել է փոխվարչապետին նշանակման առթիվ և հայտնել ռուսական կողմի պատրաստակամությունը՝ բոլոր ոլորտներում համագործակցություն ծավալելու մասին՝ ձևավորված արդեն 30-ամյա գործընկերային հարաբերությունների ավանդույթների վրա:

Զրուցակիցներն անդրադարձ են կատարել հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների ընթացիկ օրակարգին, կարևորել են երկու երկրների միջև տնտեսական համագործակցության հետագա զարգացումն ու ընդլայնումը, ինչպես նաև հայ-ռուսական առևտրատնտեսական կապերին առնչվող հարցերի շրջանակը, այդ թվում՝ առևտրաշրջանառության աճող ծավալները և կառուցվածքը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում