Արքայազն Ֆիլիպի հուղարկավորությանը կմասնակցի 30 մարդ
Էդինբուրգի դուքս, արքայազն Ֆիլիպի հուղարկավորությանը ներկա կլինի 30 մարդ։ Այս մասին հաղորդվում է Բուքինգհեմյան պալատի պաշտոնական կայքում:
Հուղարկավորության մասնակիցների թիվը նվազեցրել են կորոնավիրուսի համավարակի պատճառով: Պապիկին վերջին հրաժեշտը կտան արքայազն Ուիլյամը՝ կնոջ հետ, արքայազն Հարրին, ով հատուկ այդ նպատակով ժամանել է Լոս Անջելեսից: Նրա կինը Մեգան Մարքլը չի կարողանա ներկա գտնվել հղիության պատճառով: Հուղարկավորությանը կմասմակցեն նաև Ուելսի արքայազն Չարլզը՝ դքսուհի Կամիլլայի հետ, արքայադուստր Աննան՝ սըր Թիմոթի Լոուրենսի հետ, նաև՝ Յորքի դուքս Էնդրյուն: Հուղարկավորությունը տեղի կունենա պալատական ծիսակարգով։ Վինձորի տասնապետը կկատարի թաղման արարողությունը, իսկ Քենթերբերիի արքեպիսկոպոսը՝ եկեղեցական արարողությունը։
«Հուղարկավորությունն ուղիղ եթերում հեռուստատեսությամբ և ռադիոյով կհեռարձակվի, որպեսզի ամբողջ աշխարհում մարդիկ կարողանան մասնակցել սգո արարողությանը»,- նշված է հաղորդագրության մեջ:
Սգո երթը կմեկնարկի ապրիլի 17-ին՝ ժամը 14.45-ին, պալատի գլխավոր դարպասների մոտից: Կավարտվի 8 րոպե անց Սուրբ Գևորգ եկեղեցու մոտ: Արքայազն Ֆիլիպի հիշատակը կհարգեն մեկ րոպե լռությամբ:
Արքայազն Ֆիլիպը կթաղվի Սուրբ Գևորգ եկեղեցու մոտ, Վինձորյան ամրոցի ստորին բակում, անգլիական կաղնեփայտից պատրաստված դագաղում: Արքայազնի և նրա կնոջ դագաղները պատրաստվել են ավելի քան 30 տարի առաջ և պահվում են Leverton & Sons թաղման բյուրոյի պահեստում:
Կարծիքներ