Ճապոնիայում թայֆունի պատճառով ավելի քան 5 միլիոն մարդու տարհանվելու հրահանգ է տրվել
Ճապոնիայի իշխանությունները երկրին պատուհասած հզոր թայֆունի պատճառով տարհանման հրահանգ են տվել ավելի քան 5,2 միլիոն մարդու։ Վիրավորների թիվը հասել է 80-ի։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է BBC-ն։
Տարհանման հրահանգը վերաբերում է հիմնականում հարավային Կյուսյու կղզուն, սակայն երկրի կենտրոնական որոշ հատվածների բնակիչներին ևս կոչ են արել հեռանալ։
Ճապոնիայի օդերևութաբանական գործակալությունը անվտանգության նախազգուշացման չորրորդ մակարդակ է հայտարարել՝ առավելագույն հինգից։ Ավելի քան 700 թռիչք չեղարկվել է, առնվազն 237 000 մարդ մնացել է առանց էլեկտրականության։
Թայֆունն ուղեկցվում է հորդառատ անձրևներով, քամիների արագությունը հասնում է 252 կմ/ժամի։ Հորդառատ անձրևների առաջացրած սողանքի հետևանքով ավելի վաղ 3 մարդ էր զոհվել։
Ճապոնական խոշոր ավտոարտադրողները, մասնավորապես՝ Toyota-ն, Nissan-ը և Honda-ն դադարեցրել են թայֆունի շրջանում գտնվող իրենց գործարանների աշխատանքը։
Կարծիքներ