Ռուս գրոսմայստեր Նեպոմնյաշչին անդրադարձել է Հայաստան-Հնդկաստան և Ռուսաստան-Հնդկաստան շախմատային խաղերին
Ռուսաստանի հավաքականի կազմում թիմային աշխարհի առաջնության կրկնակի հաղթող, Ռուսաստանի շախմատի հավաքականի առաջատար շախմատիստներից մեկը` գրոսմայստեր Յան Նեպոմնյաշչին, մեկնաբանել է ՖԻԴԵ-ի անցկացրած շախմատային առաջին առցանց օլիմպիադան` անդրադառնալով նաև Հայաստան-Հնդկաստան և Ռուսաստան-Հնդկաստան դիմակայություններում chess.com կայքի սերվերի հետ առաջացած խնդիրներին: Այս մասին տեղեկացնում է championat.com կայքը:
«Առհասարակ, օլիմպիական խաղերը, ինչպես նաև շախմատային օլիմպիադան ուղղված են տարբեր մշակույթների և երկրների մերձեցմանը: Այնպես որ նմանատիպ իրավիճակը չի ուրախացնում: Առցանց խաղի խնդիրը կապի հնարավոր ընդհատումներն են: Իհարկե, սա վեճերի առիթ է դառնում: Ինձ թվում է, որ Հայաստանի հավաքականի հետ նմանատիպ դեպքից հետո, երբ նրանց բողոքարկումը մերժվեց, նախադեպ առաջացավ, և տրամաբանական կլիներ հենց նույն հիմքով որոշում ընդունել: Ծիծաղելի է, որ Հնդկաստանը եղավ բարիկադների տարբեր կողմերում, բայց երկու դեպքում էլ որոշումը նրանց օգտին էր: Մենք հիասթափված ենք, սա դեմ է սպորտային սկզբունքներին: Հնդկաստանը եզրափակիչում չի հաղթել ոչ մի պարտիայում»,-հայտարարել է ռուս գրոսմայստերը:
Շախմատի առաջին առցանց օլիմպիադայի եզրափակիչում մրցում էին Ռուսաստանի և Հնդկաստանի հավաքականները: Եզրափակիչում հաղթանակ տարավ Ռուսաստանի թիմը։ Առաջին ռաունդում գրանցվեց ոչ ոքի՝ 3։3։ Երկրորդ ռաունդում 4,5։1,5 հաշվով հաղթեց Ռուսաստանի թիմը, սակայն Հնդկաստանը բողոքարկեց վերջին երկու պարտիաները՝ chess.com-ի սերվերի հետ առաջացած խնդիրների պատճառով։ Այդ պարտիաներում հաղթանակ էին տարել ռուս շախմատիստները։
ՖԻԴԵ-ն որոշեց երկու թիմերին էլ ճանաչել հաղթող, թեև բողոքարկման բավարարման դեպքում պետք էր շարունակել պարտիաներն ընդհատման պահից։
Հիշեցնենք, որ քառորդ եզրափակիչում Հայաստանի թիմը Հնդկաստանի հետ դիմակայության առաջին ռաունդում դարձյալ սերվերի հետ կապի ընդհատման պատճառով Հայկ Մարտիրոսյանի տանուլ տված պարտիան բողոքարկել էր, սակայն ՖԻԴԵ-ն չէր բավարարել բողոքարկումը։ Հայաստանի թիմը բոյկոտել էր և հրաժարվել հետագա պայքարից։
Կարծիքներ