Մեկնարկում է «Քույր դպրոցներ» ծրագրի 2022 թվականի առաջին շրջափուլը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և Երևանի քաղաքապետարանի Ալ. Հեքիմյանի անվան երաժշտական դպրոցի նախաձեռնությամբ՝ հունիսի 1-ին մեկնարկում է Երևանի և ՀՀ մարզերի երաժշտական և արվեստի դպրոցների փոխգործակցության «Քույր դպրոցներ» ծրագրի 2022 թվականի առաջին շրջափուլը:
Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԿԳՄՍՆ-ն:
2022 թվականին ծրագրում ընդգրկվել են հանրապետության երաժշտական և արվեստի շուրջ 60 դպրոցներ, որոնք մինչև տարեվերջ կիրականացնեն համատեղ ծրագրեր, միջոցառումներ, փոխայցելություններ: Ծրագիրն ունի հայրենաճանաչության բաղադրիչ. յուրաքանչյուր դպրոցների փոխայցելության ծրագրերի շրջանակում կազմակերպվում է մշակութային կրթության հաստատությունների սաների այցելություն Երևանի և ՀՀ մարզերի պատմամշակութային կամ տեսարժան վայր:
Ծրագրի շրջանակում արտադպրոցական դաստիարակության և գեղարվեստական կրթության շահառուները, ոլորտի պատասխանատուներն ու մանկավարժները կմիավորեն ջանքերը՝ ոլորտի պրակտիկ խնդիրների վերհանման, դրանց լուծման տարբերակների առաջարկման, մշակութային համաչափ զարգացման, ինչպես նաև մշակութային կրթության ոլորտի արդյունավետության բարձրացման ուղղությամբ:
Այս տարի ծրագրի առաջին շրջափուլը կմեկնարկի Երևանի և ՀՀ Տավուշի մարզի երաժշտական դպրոցների մասնակցությամբ: Դիլիջանի մանկական երաժշտական դպրոցը կհյուրընկալի Երևանի Ալ. Աճեմյանի անվան երաժշտական և Կ. Օրբելյանի անվան արվեստի դպրոցների սաներին ու մանկավարժներին:
Նշենք, որ ծրագիրն առաջին անգամ իրականացվել է 2019 թվականին՝ մշակութային կրթության ոլորտում փոխգործակցության և փոխօգնության գաղափարի շուրջ համախմբելով ՀՀ-ում գործող երաժշտական, արվեստի և գեղարվեստի դպրոցներին:
Կարծիքներ