Երևանում ծեծի հետևանքով 62–ամյա տղամարդ է մահացել․ հարազատները փորձել են թաքցնել իրականությունը
Երեկ՝ ապրիլի 25-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 01։10-ի սահմաններում Երևանի շտապօգնության 4-րդ ենթակայանից ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ է ստացվել, որ նախորդ օրը, ժամը 23։30-ին բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Նոր Արեշ 22 փողոցի տներից մեկը, որտեղ հայտնաբերել են մահացած տղամարդու, ում հարազատները հայտնել են, որ նա իրենց ներկայությամբ հանկարծամահ է եղել։
Shamshyan.com-ի փոխանցմամբ, հիվանդանոց են մեկնել ոստիկանության խումբը։ Նրանք պարզել են, որ մահացածը նույն փողոցի բնակիչ՝ 62-ամյա Արմեն Մ-ն էր։ Դատաժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի ճակատին, ձախ ակնակապճի դրսայի եզրին, քթի մեջքին, գլխի գագաթային շրջանին հայտնաբերվել են քերծվածքներ:
Մինչ Էրեբունու ոստիկանապետի գլխավորությամբ հիվանդանոցում պարզվում էին դեպքի հանգամանքները, հարազատները ոստիկաններին հայտնել են, որ նա վնասվածքները ստացել է վայր ընկնելու հետևանքով։
Կայքի տեղեկություններով՝ ոստիկանության և քրեական հետախուզության բաժնի ծառայողները պարզել են, որ հարազատների ասածը չի համապատասխանում իրականությանը։
Ստացված օպերատիվ տվյալներով պարզվել է՝ ապրիլի 24-ին, ժամը 20։20-ի սահմաններում Խաղաղ Դոնի թիվ 31/10 հասցեի մոտ Երևանի բնակիչներ՝ 51-ամյա Հակոբ Գ-ն, նրա որդին՝ 24-ամյա Խաչատուր Գ-ն վիճաբանել են Արմեն Մ-ի հետ, որի ժամանակ ոտքերով և ձեռքերով հարվածներ են հասցրել վերջինիս գլխին և մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ ու նրան թողնելով անօգնական, հեռացել են, որոշ ժամանակ անց Արմեն Մ-ն մահացել է։
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ, այն ուղարկվել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին։
Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցառումներ՝ Հակոբ և Խաչատուր Գ-երին հայտնաբերելու ուղղությամբ։
Կարծիքներ