Թուրքիայի խորհրդարանը Բայդենի ուղերձը դատապարտող հայտարարություն է արել
Թուրքիայի «Պաշտոնական թերթում» (Resmi Gazete) հրապարակվել է Թուրքիայի խորհրդարանի (Մեջլիս) գլխավոր խորհրդի որոշումը, որը դատապարտում, մերժում և առոչինչ է համարում ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ հայտարարությունը: Այս մասին հաղորդում է Ermenihaber-ը։
Նշենք, որ ապրիլի 27-ին մեջլիսի լիագումար նիստում քվեարկության է դրվել Մեջլիսի նախագահ Մուստաֆա Շենթոփի ստորագրությունը կրող հայտարարությունը:
Հայտարարությանը կողմ են քվեարկել իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը (AKP-ԱԶԿ), «Գորշ գայլերի» քաղաքական թևը համարվող «Ազգայնական շարժում» կուսակցությունը (ԱՇԿ-MHP), ազգայնական ուղղվածության «Լավ» (İyi) կուսակցությունը և գլխավոր ընդդիմադիր, քեմալիստական «Ժողովրդահանրապետական» կուսակցությունը (CHP): Հայտարարությանը դեմ է քվեարկել միայն ընդդիմադիր, քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությունը (ԺԴԿ-HDP):
«Մենք ափսոսանքով և խստագույնս դատապարտում ենք ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի՝ 2021թ. ապրիլի 24-ի արած հայտարարությունը, որում առկա են 1915թ. իրադարձությունների վերաբերյալ հայկական լոբբիի պնդումները, ինչպես նաև խստագույնս մերժում ենք այն անհիմն զրպարտությունները, որոնք այլ բան չեն նշանակում, քան քաղաքական դրդապատճառներով պատմության խեղաթյուրում: ԱՄՆ նախագահի կողմից արված այս հայտարարությունը, որն իրավասու չէ դատել պատմական հարցերը, մենք համարում ենք առոչինչ»:
Նշվում է նաև, որ 106 տարի անց նման «անպատասխանատու հայտարարություն անելու պատճառն այն է, որ ԱՄՆ վարչակազմը ենթարկվում է հայկական լոբբիստական ուժերի ճնշմանը»:
«Պատմական փաստերի հետ անհամատեղելի այս հայտարարությունը տրամաբանորեն չբացատրվող և անպատասխանատու քայլ է, որը ոչ մի նպաստ չի բերում ժողովուրդների մերձեցմանը»,- նշված է խորհրդարանի հայտարարության մեջ։ Այնուհետև անդրադարձ է կատարվում 2005թ. համատեղ պատմաբանների հանձնաժողով ստեղծելու և աշխարհի առաջ արխիվները բացելու, 1915թ. իրադարձություններն ուսումնասիրելու առաջարկին:
Բացի դրանից, հիշեցման կարգով ներկայացվում են ՄԻԵԴ-ի 2015 և 2017թթ. վճիռները, փորձ անելով ցույց տալ, որ պատմական բանավեճից այն կողմ հնարավոր չէ որևէ իմաստ վերագրել 1915թ. դեպքերին:
«Ցեղասպանությունը միջազգային իրավունքի հայեցակարգ է, որի շրջանակը ծայրաստիճան հստակ է, և դրա օգտագործումը հիմնված է շատ կոնկրետ պայմանների վրա»,- նշվում է հայտարարության մեջ և Բայդենի արարքը գնահատվում որպես իրավական և բարոյական անպատասխանատվության օրինակ։
Խորհրդարանի պատգամավորների մեծամասնության համոզմամբ՝ Բայդենի հայտարարությունը նպաստելու է ժողովուրդների բևեռացմանը, արմատական-ծայրահեղական շրջանակների օրակարգին և ատելության խոսքի խրախուսմանը:
Մեջլիսը կոչ է արել ԱՄՆ նախագահին շտկել «իր այդ սխալը», աջակցել տարածաշրջանի ժողովուրդների, մասնավորապես թուրք և հայ ժողովուրդների խաղաղության, կայունության և վստահության մթնոլորտում ապրելու ջանքերին և հետ կանգնել ընդունած որոշումից, որն անխուսափելիորեն բացասաբար է ազդելու թուրք-ամերիկյան հարաբերությունների վրա:
Կարծիքներ