Վրաստանում Omicron-ով վարակման դեպքերն աճել են
Վրաստանի առողջապահության փոխնախարար Թամար Գաբունիան այսօր տեղի ունեցած համակարգող խորհրդի նիստի ժամանակ հայտարարել է, որ «Օմիկրոնով» վարակման դեպքերն աճել են, սակայն վարակվածների մեծ մասը հոսպիտալացման կարիք չեն ունեցել, քանի որ մեծամասնությունը պատվաստված են կորոնավիրուսի դեմ պատվաստանյութով։ Հաղորդում է aliq.ge-ն։
«Վերջին 24 ժամում Վրաստանում գրանցվել է «Օմիկրոնով» վարակման 1254 դեպք, որից մեծ մասը Թբիլիսիում։ Սակայն վարակվածների մեծ մասը պատվաստված է, ուստի այդ հիվանդները հոսպիտալացման կարիք չեն ունեցել։ Այդ իսկ պատճառով պատվաստումն այդքան կարևոր է։ Հիվանդության թեթև ընթացքի համար անհրաժեշտ է ընդունել խթանիչ (բուստեր) դեղաչափը»,- ասել է փոխնախարարը։
Գաբունիան նաև նշել է, որ կորոնավիրուսով վարակման նոր դեպքերի մեծ մասն արձանագրվում է համեմատաբար երիտասարդ տարիքի անձանց շրջանում։
Հիշեցնենք, որ հունվարի 18-ի ժամը 11:00-ի դրությամբ Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 7 521 նոր դեպք: Ընդհանուր առմամբ, երկրում կորոնավիրուսի հաստատված դեպքերը 1 006 864-ն են:
Կարծիքներ