Ազգային ժողովի քննարկմանն է ներկայացվել «ՀՀ 2022 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագիծը

Ազգային ժողովի քննարկմանն է ներկայացվել «ՀՀ 2022 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագիծը

Նոյեմբերի 17-ին Ազգային ժողովն սկսել է «ՀՀ 2022 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկումը:

ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը շնորհակալություն է հայտնել նախագիծն ԱԺ մշտական հանձնաժողովներում շահագրգիռ կերպով քննարկելու և առաջարկներ ներկայացնելու համար:

Նշվել է, որ բյուջեի նախագիծը ձևավորվել է՝ հիմքում ունենալով կառավարության 2021-2026 թվականների ծրագրով սահմանված՝ անվտանգությանը, տնտեսական և սոցիալական ոլորտներին վերաբերող հստակ առաջնահերթությունները: Գալիք տարում առաջանային թիրախ է սահմանվել անվտանգության հարցերի, կրթական համակարգերի, ներառական ու որակյալ ենթակառուցվածքների զարգացման հարցերի լուծումը:

Նախարարն ընդգծել է, որ 2022 թվականի պետական բյուջեի նախագիծը ձևավորվել է բարդ ժամանակահատվածում, երբ դեռ հաղթահարված չեն համավարակի և պատերազմի հետևանքները: Նման բարդ իրավիճակում, սակայն, գործադրին հաջողվել է կառավարել այն հիմնական ռիսկերը, որոնք կարող էին խոչընդոտել տնտեսության հետագա զարգացմանը: Թեև 2020 թվականին արձանագրվել է 7,4 տոկոս տնտեսական անկում և մոտ 80 մլրդ դրամ հարկային եկամուտների նվազում, այնուամենայնիվ Կառավարությանը հաջողվել է կատարել ստանձնած բոլոր պարտավորությունները՝ գնալով դեֆիցիտի ավելի մեծ չափով ֆինանսավորման, քան նախատեսված էր:

Արդյունքում՝ 2020 թվականին կառավարությանը հաջողվել է պահպանվել մակրոտնտեսական կայունությունը, իսկ առաջին կիսամյակում արձանագրել նաև մոտ 5 տոկոս տնտեսության վերականգնման բարձր տեմպ:

Նախարարը հույս է հայտնել, որ տնտեսության վերականգնումը կշարունակվի նաև ընթացիկ տարվա վերջին ամիսներին, ինչն էլ հուսալի հիմք կդառնա 2022 թվականին նախատեսվող տնտեսական աճի համար:

Ակնկալվում է, որ 2022 թվականին տնտեսական աճին կնպաստեն ծառայությունները, շինարարությունն ու արդյունաբերությունը:

Պետական բյուջեի ծախսերը գալիք տարում կկազմեն 2 տրիլիոն 190 մլրդ դրամ, ինչը 2021 թվականին սպասվող ծախսերից ավելի է 204 մլրդ դրամով կամ 10,3 տոկոսով: Կապիտալ ծախսերի համար կհատկացվի 357 մլրդ դրամ, ինչը կազմում է համախառն ներքին արդյունքի 4,5 տոկոսը և ընթացիկ տարվա հատկացումից ավելի է 60 տոկոսով:

Եկամուտները կկազմեն 1 տրիլիոն 946 մլրդ դրամ, ինչը 2021 թվականի հատկացումների նկատմամբ ավելի է 289 մլրդ դրամով կամ 17,5 տոկոսով: Եկամուտների գերակշիռը մասը կկազմեն հարկային եկամուտները:

Բյուջեի դեֆիցիտը կկազմի 243 մլրդ դրամ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում