ԿԳՄՍ նախարարը Պորտուգալիայի դեսպանի հետ քննարկել է ոլորտային համագործակցության հարցեր

ԿԳՄՍ նախարարը Պորտուգալիայի դեսպանի հետ քննարկել է ոլորտային համագործակցության հարցեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը փետրվարի 9-ին ընդունել է Հայաստանում Պորտուգալիայի Հանրապետության նորանշանակ դեսպան Մադալենա Ֆիշերին:

Ինչպես տեղեկացրին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից, Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է դեսպանին նշանակման կապակցությամբ և արդյունավետ աշխատանք մաղթել դիվանագիտական առաքելության ընթացքում՝ ի շահ հայ-պորտուգալական բարեկամական կապերի զարգացման: ԿԳՄՍ նախարարը համոզմունք է հայտնել, որ նա իր ներդրումը կունենա Հայաստանի և Պորտուգալիայի միջև հարաբերությունների առավել ամրապնդման և խորացման գործում։

«Դեսպան Մադալենա Ֆիշերը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և ընդգծել, որ երկու երկրների միջև կրթական, գիտական, մշակութային ու մի քանի այլ ուղղություններով առկա է սերտ համագործակցության մեծ ներուժ: Հանդիպման ընթացքում կողմերը պատրաստակամություն են հայտնել ընդլայնելու համագործակցությունը վերոնշյալ ոլորտներում:

Անդրադառնալով կրթության ոլորտում համագործակցության հեռանկարներին՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ընդգծել է, որ Հայաստանը գտնվում է կրթական բարեփոխումների փուլում, իսկ ԱԺ կողմից որպես օրենք ընդունված ՀՀ կրթության զարգացման՝ մինչև 2030 թվականի ծրագրով սահմանված են բոլոր թիրախները: Ծրագրի վերջնական նպատակն է ունենալ ազգային և համամարդկային արժեքների վրա հիմնված, Հայաստանի Հանրապետության զարգացմանը միտված արդյունավետ և միջազգայնորեն մրցունակ կրթական համակարգ»,- ասվում է հաղորդագրության մեջ:

«Տեղյակ եմ, որ Ազգային ժողովի աշխատանքային խումբը 2022 թվականի հոկտեմբերին հանդիպում է ունեցել Պորտուգալիայի կրթության նախարարության ներկայացուցիչների հետ և քննարկել ներառական կրթությանը վերաբերող հարցեր: Սա մեզ համար շատ կարևոր ուղղություն է: Ռազմավարական կարևոր թիրախներից մեկը բարձրագույն ուսումնական հաստատությունների միջազգայնացնումն է, այս առումով ևս կարող ենք դիտարկել համագործակցության հեռանկարները»,- ասել է Ժաննա Անդրեասյանը:

Նախարարը համոզմունք է հայտնել, որ, մասնավորապես, ուսանողական փորձի փոխանակման, թվային տնտեսության, գյուղատնտեսության և վերականգնվող էներգիայի ոլորտներում առկա է համագործակցության ներուժ, որը կարող է իրականացվել թե՛ բուհական, թե՛ մասնագիտական կրթության մակարդակներում:

«Անդրադառնալով բարձրագույն կրթության և գիտության ոլորտում համագործակցությանը, Ժաննա Անդրեասյանը նշել է, որ ԿԳՄՍ նախարարությունը հետևողական աշխատանք է տանում օտարերկրյա պետությունների համալսարաններում, թանգարան-ինստիտուտներում և կենտրոններում՝ հայերենի ու հայագիտական առարկաների դասավանդման, ինչպես նաև հայագիտական հետազոտությունների խթանման ուղղությամբ: Արտերկրում գործում են շուրջ մեկ տասնյակ հայագիտական կենտրոններ, որոնք Հայաստանի պետական բյուջեից ֆինանսավորում են ստանում: Ժաննա Անդրեասյանն առաջարկել է դիտարկել Պորտուգալիայի համալսարաններից մեկում հայագիտական կենտրոն հիմնելու հնարավորությունը:

ԿԳՄՍ նախարարը նաև պատրաստակամություն է հայտնել կիսվելու մեր երկրում արդեն իսկ հաջողությամբ իրականացվող ծրագրերի, մասնավորապես՝ «Թումոյի» և «Արմաթի» փորձով: Դեսպան Մադալենա Ֆիշերը նշել է՝ իրենք հետաքրքրված են այս հնարավորությամբ: Նա նաև հայտնել է, որ Պորտուգալիայի երկու քաղաքներում «Թումոյի» երկու կենտրոն է հիմնվելու, ինչը դեսպանի գնահատմամբ՝ կարևոր նախաձեռնություն է:

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը կարևորել է նաև մշակութային համագործակցության հեռանկարները: Այս համատեքստում նա առաջարկել է հայ մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի 120-ամյա հոբելյանի առթիվ Պորտուգալիայի մշակութային հաստատություններում ներառել նաև նրա ստեղծագործությունները՝ որպես հարգանքի տուրք համաշխարհային դասականի հիշատակին: Կողմերը քննարկել են նաև համատեղ կինոարտադրության, ցուցահանդեսների կազմակերպման, ժամանակակից արվեստի այլ ուղղություններով համագործակցության հնարավորությունները»,- հայտնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից:

Ըստ աղբյուրի՝ Ժաննա Անդրեասյանը դեսպանի ուշադրությունն է հրավիրել նաև Լեռնային Ղարաբաղում հաստատված հումանիտար ճգնաժամի խնդրին և հույս հայտնել, որ միջազգային կառույցները հասցեական գործողություններ ու քայլեր կձեռնարկեն խնդրի կարգավորման համար:

«Լեռնային Ղարաբաղում հաստատված հումանիտար ճգնաժամի արդյունքում խախտվել են շուրջ 120 հազար բնակչի հիմնարար մի շարք իրավունքներ. նրանցից 30 հազարը երեխաներ են, այդ իսկ պատճառով ցանկանում եմ անդրադառնալ նրանց կրթության իրավունքի խախտմանը: Սնունդի մատակարարման անհնարինության, Ադրբեջանի կողմից գազամատակարարման և էլեկտրաէներգիայի պարբերական խափանումների պատճառով թե՛ մանկապարտեզներում, թե՛ դպրոցներում, և թե՛ կրթական մյուս հաստատություններում գրեթե չեն իրականացվում ուսումնական գործընթացները, որն անթույլատրելի իրավիճակ է: Կարծում եմ՝ միջազգային հասցեական արձագանքը կնպաստի իրավիճակի կարգավորմանը»,- ասել է Ժաննա Անդրեասյանը:

Նշվում է, որ հանդիպման ընթացքում քննարկվել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: Կողմերը պատրաստակամություն են հայտնել քննարկելու միջպետական հուշագիր ստորագրելու հնարավորությունը, որով համագործակցության ուղղություններն ավելի հստակ կամրագրվեն:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում