Վահան Քերոբյանը ՀԱԳՄ անդամներին ներկայացրել է Կառավարության տնտեսական ծրագիրը
ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը օգոստոսի 30-ին հանդիպում է ունեցել Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության (ՀԱԳՄ) անդամների հետ։ Հանդիպման ընթացքում Վահան Քերոբյանը հանգամանորեն ներկայացրել է Կառավարության տնտեսական ծրագիրը։ Այս մասին հայնում են ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունից։
«Կառավարությունը մշակել և կազմել է այս ծրագիրը, որն իրականացնելու ենք միայն ձեր օգնությամբ և ձեր միջոցով։ Այս առումով մենք շատ ենք կարևորում գործարարների և գործարար համայնքների հետ նմանատիպ երկխոսությունների կազմակերպումը, որոնց արդյունքում նախատեսում ենք միասնական ուժերով գծագրել ծրագրի իրականացման ճանապարհային քարտեզը», - նշել է Վահան Քերոբյանը։
Իր խոսքում նախարարը շեշտել է, որ խորհրդատվական ծառայությունները հասանելի դարձնելու և մի շարք այլ գործիքների միջոցով նախատեսվում է աջակցություն ցուցաբերել հայկական ընկերություններին՝ արտադրողականության աճ ապահովելու նպատակով։
Խոսելով Եվրամիության կողմից Հայաստանին տրամադրվող 2,6 մլրդ եվրո աջակցության մասին՝ նախարարը համառոտ ներկայացրել է, թե հատկապես որ ուղղություններով է բաշխվելու այդ գումարը և այդ շրջանակում նախատեսվող ներդրումային ծրագրերը, որոնք արդեն իսկ մշակման փուլում են։
Կառավարության տնտեսական ծրագրի այլ կարևոր կետերի շարքում նախարարը նշել է Հայաստանի միջազգային մրցունակության բարձրացումը, որի հիմնական ուղիներն են արտահանման խթանումը, գիտելիքահենք տնտեսության զարգացումը, ներառական տնտեսության ձևավորումն ու տնտեսության տեխնոլոգիական վերազինումը։
Վահան Քերոբյանն անդրադարձել է նաև արտաքին տնտեսական հարաբերությունների բարելավման, արտահանման խթանման ու մարդկային կապիտալի զարգացման ուղղությամբ ծրագրով նախատեսված քայլերին։
Միության անդամներին ներկայացվել են նաև Կառավարության տնտեսական քաղաքականության, գործարար և ներդրումային միջավայրի բարելավման, ՓՄՁ, մշակող արդյունաբերության, բարձր տեխնոլոգիաների ոլորտի, ռազմարդյունաբերական համալիրի զարգացման հիմնական թիրախներն ու առաջնահերթ նպատակների իրականացմանն ուղղված քայլերը։
Գյուղատնտեսության զարգացման առաջնահերթ նպատակների թվում Վահան Քերոբյանը մատնանշել է գյուղատնտեսության ինտենսիվացումը, արտադրողականության բարձրացումը, հողային ռեսուրսների նպատակային օգտագործումը, ջրային ռեսուրսների խնայողաբար ու արդյունավետ օգտագործումը, պարենային անվտանգության ապահովման մակարդակի բարձրացումը, արդիական տեխնոլոգիաների ներդրումը ու արտահանման խթանումը։
Կարևորելով լոգիստիկ խնդիրների կարգավորումը՝ Վահան Քերոբյանը տեղեկացրել է, որ այս տարի փորձ է ձեռնարկվելու գործարկել արտահանման այլընտրանքային ճանապարհներ։
Նախարարն առանձին անդրադարձ է կատարել նաև զբոսաշրջության ոլորտի հիմնական խնդիրներին ու զարգացման ուղիներին։
Հանդիպման ավարտին էկոնոմիկայի նախարարը պատասխանել է ՀԱԳՄ անդամների հարցերին, տվել մի շարք պարզաբանումներ, լսել ծրագրերի բարեհաջող իրականացման վերաբերյալ բազմաթիվ առաջարկներ, որոնք կհավաքագրվեն և կուսումնասիրվեն նախարարության կողմից։
Կարծիքներ