«Իրավիճակը կարող է վերաճել մեծ պատերազմի». Կադիրովը՝ հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի մասին
Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը Տելեգրամի իր ալիքում անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին՝ հիշեցնելով, որ չեչեն ժողովուրդը ինչպես ոչ ոք, լավ գիտի խաղաղության գինը:
«Չեչեն ժողովուրդը, ինչպես ոչ ոք, լավ գիտի խաղաղության գինը, ինչպես նաև վիշտը, որ բերում է պատերազմը: Մենք մեր փորձով գիտենք, որ ավելի լավ է կանխել պատերազմը և անել հնարավորը բարդ հարցերի խաղաղ լուծման համար»,- գրել է Չեչնիայի ղեկավարը:
Նա նշել է, որ Հայաստանն ու Ադրբեջանը Չեչնիայի համար եղբայրական պետություններ են, իսկ այնտեղ տեղի ունեցող ողբերգական իրադարձությունները վերաբերում են ոչ միայն Ռուսաստանին, դրանք ցավոտ են ամբողջ Կովկասի և ԱՊՀ պետությունների համար:
«Ես կոչ եմ անում Հայաստանի, Ադրբեջանի և բոլոր դաշնակից պետությունների ղեկավարներին քայլեր ձեռնարկել կոնֆլիկտը դադարեցնելու համար: Պետք է անել հնարավորը, որպեսզի հակամարտող կողմերը միմյանց ձեռք մեկնեն և խաղաղության հասնեն: Հակառակ դեպքում, եթե Աստված մի արասցե, այս դիմակայությունը վերաճի լայնամասշտաբ պատերազմի, ապա արդյունքը հղի է ողբերգական հետևանքներով ոչ միայն ողջ Կովկասի համար»,- գրել է Կադիրովը:
Չեչնիայի ղեկավարը հիշեցրել է Լեռնային Ղարաբաղում դեպքերի մասին, որոնք մեծ թվով զոհերի հանգեցրին:
«Լավագույն պատերազմն այն է, որի ժամանակ ոչ մի զինվոր չի զոհվում և ոչ մի կրակոց չի արձակվում: Հայաստանի և Ադրբեջանի սահմանին սրված կոնֆլիկտի մասնակիցները պետք է իմանան, որ եթե շտապ վճռական քայլեր չձեռնարկվեն, ապա իրավիճակը կարող է վերաճել մեծ պատերազմի՝ իր բոլոր հնարավոր հետևանքներով...Սակայն հաղթողներ չեն լինի»,- հավելել է նա՝ կոչ անելով Հայաստանի, Ադրբեջանի և ԱՊՀ ղեկավարներին անհապաղ միջամտել այս հարցին:
«Իմ կողմից, հանուն խաղաղության ձեռքբերման, ես պատրաստ եմ ծնկի իջնել և խնդրել յուրաքանչյուրին: Այո՛, ես պատրաստ եմ, եթե պետք է, զենք վերցնել և կռվել հանուն արդարության, խաղաղության: Սակայն ավելի խելամիտ կլինի, եթե մենք նստենք բանակցային սեղանի շուրջ և թույլ չտանք լայնամասշտաբ ողբերգություն»,- նշել է Կադիրովը:
Կարծիքներ