Մեկնարկել է «Հորիզոններ» դուալ կրթական ծրագրին միացած 6 նոր դպրոցների կենսաբանության ուսուցիչների վերապատրաստումը

Մեկնարկել է «Հորիզոններ» դուալ կրթական ծրագրին միացած 6 նոր դպրոցների կենսաբանության ուսուցիչների վերապատրաստումը

Հուլիսի 29-ից Գորիսի պետական համալսարանում մեկնարկել են «Իմ քայլը» հիմնադրամի «Հորիզոններ» դուալ կրթական ծրագրին միացած 6 նոր դպրոցների կենսաբանության ուսուցիչների վերապատրաստման դասընթացները: 2024-25 ուսումնական տարում Սիսիան և Գորիս խոշորացված համայնքների 9 դպրոցին (Անգեղակոթի մ/դ, Բռնակոթի մ/դ, Շաղաթի մ/դ, Շամբի մ/դ , Լորի մ/դ, Շաքիի մ/դ , Սիսիանի ավագ, Գորիսի թիվ 1 և թիվ 4 ավագ դպրոցներ) են ավելացել ևս 6 դպրոց (Գորայքի մ/դ, Վերիշենի մ/դ, Ակների մ/դ, Հարթաշենի մ/դ, Խնձորեսկի մ/դ, Կոռնիձորի մ/դ)։

Ծրագրին միացած 6 դպրոցի կենսաբանության ուսուցիչների համար կազմակերպվել է մասնագիտական վերապատրաստում, որը վարում են ՀԱԱՀ 6 դասախոսներ: Վերապատրաստման արդյունքում ուսուցիչները կընդլայնեն առարկայական գիտելիքները և դպրոցներում կդասավանդեն «Ագրոտեխնոլոգիա» առարկան:

Օգոստոսի 2-ից վերապատրաստում կանցնեն առաջին փուլի դպրոցների ուսուցիչները և կսերտեն արդեն 12-րդ դասարանի ծրագիրը: Այս դասընթացներն արդեն կանցկացվեն ՀԱԱՀ Սիսիանի մասնաճյուղում, կենսաբանության ուսուցիչների հետ միասին կվերապատրաստվեն նաև հասարակագիտության և ինֆորմատիկայի ուսուցիչները՝ համապատասխանաբար ագրոբիզնես և ճշգրիտ գյուղատնտեսություն թեմաներով:

Վերապատրաստման առաջին օրը ներառում է ագրոնոմիայի և բույսերի պաշտպանության թեմաները, որոնց հաջորդում են ագրոէկոլոգիան ու անասնապահությունը:

«Առարկայական վերապատրաստումների կարևորությունը նրանում է, որ դասախոսներն իրենց ակադեմիական գիտելիքով կիսվում են ուսուցիչների հետ, որը պետք է կիրառվի հանրակրթության ոլորտում՝ հաշվի առնելով սովորողի տարիքային և հոգեբանական առանձնահատկությունները: Ծրագրի մասնակից ուսուցիչներն ունեն մասնագիտական գիտելիքների մեծ պաշար, բայց քանի որ ծրագրին մասնակցելն իրենից ենթադրում է նեղ մասնագիտական գիտելիքների, կարողությունների ու հմտությունների տիրապետում և կիրառում, հետևաբար, նման վերապատարաստումների կարևորությունը շատ մեծ է և անհրաժեշտ է ծրագիրն արդյունավետ իրականացելու համար: Ուսուցիչները ոգևորված են, բաց են ու պատրաստակամ նոր գիտելիքներ, կարողություններ, հմտություններ ձեռք բերելու», – ասում է «Հորիզոններ» դուալ կրթական ծրագրի ղեկավար Ռիմա Գրիգորյանը:

Ծրագիրը գյուղոլորտին վերաբերող շատ կարևոր հարցեր ու դրանց պատասխաններն է բերում դպրոց: «Հորիզոններ»-ը բացառիկ ծրագիր է, քանի որ տեսականից զատ աշակերտներն ունենալու են գործնական մի շարք պարապմունքներ, ինչը ոլորտի յուրահատկությունները բացահայտելու լավ հնարավորություն է ՝ նշում են վերապատրաստմանը մասնակցող ուսոցիչները:

«Ոլորտը զարգացնելու համար շատ հաջող ծրագիր է: Վերապատրաստումից սպասելիքները շատ մեծ են, ծրագիրը շատ հագեցած ու հետաքրքիր է, սա մեզ համար թե փորձի, թե գիտելիքի փոխանակման լավ հնարավորություն է»,- ընդգծում է Ակների միջնակարգ դպրոցի կենսաբանության ուսուցչուհի Անուշ Մկրտչյանը:

«Ծրագրի վերջնական արդյունքը բոլորիցս է կախված, պետք է հոգի դնենք բոլորս այս աշխատանքի մեջ: Ծրագիրը կօգնի, որ երեխաները ճիշտ կողմնորոշվեն մասնագիտության ընտրության հարցում և կնպաստի, որ նրանք ցանկանան մնան իրենց տարածաշրջաններում, չլքեն հայրենի գյուղը կամ քաղաքը: Վերապատրաստումը շատ արդյունավետ է, սովորելու կարիք միշտ բոլորն ունեն, այս օրերի ընթացքում շատ նոր գիտելիքներ ստացա»,- շեշտում է Վերիշենի միջնակարգ դպրոցի կենսաբանության ուսուցչուհի Արմենուհի Բակունցը:

Ուսուցիչների վերապատրաստմանը կհաջորդի ամառային ճամբարը, որին արդեն կմասնակցեն դպրոցականները: Ամառային ճամբարը ևս հագեցած օրակարգ է ունենալու: «Հորիզոններ» դուալ կրթական ծրագիրն այս տարի կսկսի դասավանդվել 2024-2025 ուսումնական տարվա մեկնարկին՝ սեպտեմբերի մեկից:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում