Մասնագետը նշել է ստամոքսի խոցի մասին հուշող այն ախտանշանը, որը մարդիկ սովորաբար վերագրում են գաստրիտին
Ստամոքսի խոցն ամենավտանգավոր հիվանդություններից մեկն է, որի դեպքում հարկավոր է անհապաղ դիմել բժշկին ու սկսել բուժումը, այլապես հետևանքները կարող են անդառնալի լինել։ Այս հիվանդությունը ժամանակին նկատելը թույլ է տալիս խուսափել լուրջ բարդություններից, սակայն խնդիրն այն է, որ դրա մասին հուշող ախտանշանները հաճախ վերագրվում են գաստրիտին, ինչի հետևանքով խոցային հիվանդությունը շարունակում է զարգանալ։
Բժիշկ-ուռուցքաբան Իվան Կարասևն իր ինստագրամյան էջում նշել է ստամոքսի խոցի մասին հուշող այն ախտանշանը, որը մարդիկ սովորաբար վերագրում են գաստրիտին։ Մասնագետի խոսքով՝ այդ ախտանշանը ցավոտ զգացողությունն է որովայնում, որն ի հայտ է գալիս ուտելուց հետո։ Այդ տհաճ զգացողությունները հաճախ անվանվում են նաև «քաղցած ցավեր»։ Նման ախտանշանի ի հայտ գալը ենթադրում է, որ հարկավոր է անհապաղ բուժզննում անցնել ու խուսափել ինքնաբուժությունից, քանի որ այն կարող է շատ վտանգավոր լինել։
Ինչպես բացատրում է Կարասևը, մարդու ստամոքսում պարունակվում է աղաթթու, որը հարկավոր է սննդի տարրալուծման համար։ Որպեսզի այս ագրեսիվ նյութը չվնասի ստամոքսի պատերը, օրգանիզմն արտադրում է հատուկ նյութեր, որոնք պաշտպանիչ շերտ են ստեղծում։ Այդ շերտի բարակացումը կարող է հանգեցնել ստամոքսի պատերի վնասվածքների, ինչի հետևանքով էլ առաջանում են ցավոտ խոցեր։
Խոցերի առաջացման դեպքում հարկավոր է անհապաղ դիմել բժշկին, այլապես կարող են զարգանալ մի շարք բարդություններ, այդ թվում՝ արյունահոսություններ, թափածակում, քաղցկեղ և այլն։
Այս հիվանդությունն ախտորոշվում է էնդոսկոպիկ հետազոտության արդյունքում։ Սա բավական տհաճ պրոցեդուրա է, որը, սակայն, շատ կարևոր է, քանի որ թույլ է տալիս պարզել խոցի չափերն ու բարդացումների հավանականության աստիճանը։
Կարծիքներ