Հարցաքննվել են մի շարք անձինք. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում Գորիսի 55-ամյա բնակչի սպանության դեպքից

Հարցաքննվել են մի շարք անձինք. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում Գորիսի 55-ամյա բնակչի սպանության դեպքից

ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով և 235-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործի շրջանակներում իրականացվում են քննչական և դատավարական այլ գործողություններ՝ Գորիս քաղաքի 55-ամյա բնակչի սպանության հանգամանքները պարզելու ուղղությամբ: Այս մասին հաղորդում է Քննչական կոմիտեն:

Դեպքի վերաբերյալ ահազանգը ստացվել է 2022թ. ապրիլի 10-ին՝ ժամը 23:20-ին, «Գորիսի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից, ըստ որի «Կրծքավանդակի աջ կեսի առաջային մակերեսի վերք, ձախ անութափոսի վերք՝ հրազենային բնույթի» ախտորոշմամբ հիվանդանոց է ընդունվել  Գորիս քաղաքի՝ 1966թ.ծնված բնակիչը, մահացած վիճակում:

Քրեական գործի նախաքննության ընթացքում կատարված դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են պարկուճներ, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն, հարցաքննվել են մի շարք անձինք:

Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ ենթադրյալ հանցագործությունը կատարած անձի ինքնությունը պարզելու, նրան հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմին ներկայացնելու ուղղությամբ:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով`դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում