Տաջիկստանը չի դիտարկում ռուս սահմանապահների` Աֆղանստանի հետ սահման վերադարձի հարցը. Տաջիկստանի ԱԳՆ
Տաջիկստանի արտգործնախարար Սիրոջիդին Մուխրիդինը հայտարարել է, որ ռուս-տաջիկական բանակցություններում ռուս սահմանապահների վերադարձի հարցն Աֆղանստանի հետ սահման չի քննարկվել: Պատասխանելով «ՌԻԱ Նովոստի» գործակալության հարցին՝ տաջիկ արտգործնախարարը հայտարարել է, որ Տաջիկստանը բոլոր անհրաժեշտ քայլերը ձեռնարկում է Աֆղանստանից զինյալների` երկիր մուտք գործելը կանխելու համար, սահմանն էլ վերահսկողության տակ է:
«Տաջիկա-աֆղանական սահմանին իրավիճակը շարունակում է լարված մնալ, քանի որ հարակից կողմում (Աֆղանստան) վերջին շրջանում զինյալների խմբերը հարձակումներ են կատարում Աֆղանստանի ուժային կառույցների պետական հենակետերի վրա: Բայց մենք բոլոր անհրաժեշտ քայլերն անում ենք, որպեսզի թույլ չտանք Աֆղանստանից զինյալների ներթափանցումը Տաջիկստան»,-ասել է արտգործնախարարը:
Նրա խոսքով` Տաջիկստանը մշտական կապի մեջ է աֆղանական անվտանգության մարմինների հետ, կողմերը սահմանային իրավիճակի վերաբերյալ օպերատիվ տեղեկատվության փոխանակում են իրականացնում:
«Տաջիկստանի սահմանապահ զորքերը մեծ մարտունակությամբ են օժտված և ունակ են պաշտպանելու պետական սահմանը: Բացի այդ, Տաջիկստանը ՀԱՊԿ գործընկեր պետությունների և միջազգային կազմակերպությունների հետ մշտապես քննարկում է տաջիկա-աֆղանական սահմանին անվտանգության հարցերը»,-ասել է Տաջիկստանի գլխավոր դիվանագետը:
Պատասխանելով ռուսաստանցի սահմանապահների՝ տաջիկա-աֆղանական սահման հնարավոր վերադարձի մասին հարցին՝ արտգործնախարարը նշել է, որ «ռուս սահմանապահների վերադարձի հարցը ռուս-տաջիկական բանակցությունների օրակարգում չի եղել և չի դիտարկվել»:
Կարծիքներ