Դիմակավորված անձինք մտել են տուն, կապել 66-ամյա տղամարդու ձեռքերը, ծեծել նրան և գողացել մոտ կես միլիոն դրամ
Հուլիսի 17-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։
Ժամը 03։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Հրազդանի բաժին է զանգահարել Կոտայքի մարզի բնակիչ 66-ամյա Սաշա Հ․-ն և հայտնել, որ անհայտ անձը մտել է իր տուն և ծեծի ենթարկել իրեն:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, նշված վայր են մեկնել իրավապահները:
Արդեն տեղում Սաշա Հ․-ն ոստիկաններին հայտնել է, որ նույն օրը ժամը 03։00-ի սահմաններում 2 դիմակավորված անհայտ անձինք լոգարանի պատուհանից մուտք են գործել իրեն պատկանող տուն, ննջասենյակում կպչուն ժապավենով կապել են ձեռքերը, որից հետո ձեռքերով և ոտքերով հարվածներ են հասցրել մարմնի տարբեր մասերին՝ պահանջելով հայտնել գումարի գտնվելու վայրը, որից հետո հայտնած վայրից հափշտակել են մոտ 500 հազար դրամ գումար և շարունակել տան այլ վայրերում գումար փնտրել, որի ընթացքում Սաշա Հ․-ն, օգտվելով նրանց անուշադրությունից, ննջասենյակի պատուհանից դուրս է եկել բակ և գնալով հարևանի տուն, վերջինիս հեռախոսահամարով զանգահարել է ոստիկանություն, իսկ դիմակավորված անձիք այդ պահին դիմել են փախուստի՝ իրենց հետ հափշտակելով նաև տան հյուրասենյակում գտնվող տեսախցիկների տեսանկարահանող սարքը:
Դեպքի փաստով ոստիկանության Հրազդանի բաժնում կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչություն:
Կարծիքներ