Գազայի հատվածում ևս մեկ հրադադարի շուրջ ակտիվ բանակցություններ են ընթանում

Գազայի հատվածում ևս մեկ հրադադարի շուրջ ակտիվ բանակցություններ են ընթանում

Եգիպտոսի և Կատարի միջնորդությամբ ակտիվ քննարկումներ են ընթանում Գազայում երկրորդ հրադադարի ուղղությամբ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է BBC-ն։

Ըստ լրատվամիջոցի՝ պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման ղեկավար Իսմայիլ Հանիեն բանակցությունների համար ժամանել է Կահիրե։ Իսրայելի նախագահ Իսահակ Հերցոգն իր հերթին հայտարարել է, որ իր երկիրը պատրաստ է ևս մեկ հումանիտար հրադադարի։

Ըստ տեղի լրատվամիջոցների՝ Իսրայելը ցանկանում է հրադադարի նոր համաձայնագրի շրջանակներում վերադարձնել կանանց և առողջական վատ վիճակում գտնվող տղամարդկանց։ Դրա դիմաց Իսրայելը կարող է վերադարձնել լուրջ հանցանքներ գործած և Իսրայելում բանտարկված պաղեստինցիների։

Մեծ Բրիտանիայի արտգործնախարար լորդ Դեյվիդ Քեմերոնը այցով մեկնում է Եգիպտոս և Հորդանան՝ ձգտելով հասնել կայուն զինադադարի, ավելի շատ հումանիտար դադարների և գերիների ազատ արձակման։ BBC-ն նաև նշում է, որ Քեմերոնը մերձավորարևելյան տարածաշրջան երկրորդ այցի ընթացքում նաև կփորձի հասնել Գազայի հատված օգնության մատակարարումների ավելացման։

Գազայի առողջապահական իշխանությունների հայտնած վերջին տվյալների համաձայն՝ Իսրայելի հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է գրեթե 20 000-ի, վիրավորների թիվը գերազանցել է 52 000-ը։

Հոկտեմբերի 7-ին պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժման զինյալների հարձակումից հետո Իսրայելում 1200 մարդ էր սպանվել, շուրջ 240 մարդ՝ գերեվարվել։ 7-օրյա հրադադարի ընթացքում շուրջ 100 գերի փոխանակվել է Իսրայելում բանտարկված 240 պաղեստինցիների հետ։ Ենթադրվում է, որ դեռ շուրջ 120 մարդ պատանդ է պահվում ՀԱՄԱՍ-ի մոտ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում