ՀՀ արդարադատության նախարարը ու ԵՄ դեսպանը քննարկել են արդարադատության ոլորտում գործակցության ընդլայնման հնարավորությունը
Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանն ընդունել է Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Վասիլիս Մարագոսի գլխավորած պատվիրակությանը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարությունից, նախարարն ընդգծել է ՀՀ-ում ժողովրդավարական բարեփոխումների և իրավունքի գերակայության ապահովման համատեքստում ԵՄ հետ համագործակցության բարձր մակարդակը։
«Գրիգոր Մինասյանն անդրադարձ է կատարել ԵՄ քրեական արդարադատության գործակալության (Եվրաջասթ) հետ համագործակցության խորացմանը, ընդգծել Եվրաջասթի համաձայնագրի կատարումն ապահովող «Աշխատանքային պայմանավորվածության» նախագծի ստորագրման կարևորությունը:
Արդարադատության նախարարը շնորհակալություն է հայտնել «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի երկու մասնաշենքի վերանորոգմանը ԵՄ աջակցության համար, հույս հայտնել, որ այս ուղղությամբ գործակցությունը կլինի շարունակական»,- ասվում է հաղորդագրության մեջ:Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսն անդրադարձ է կատարել վիզայի ռեժիմի ազատականացման երկխոսությանը: Կողմերն արձանագրել են այս ուղղությամբ նախատեսվող գործողությունները:
Ըստ աղբյուրի՝ Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման գործընթացին, ԵՄ բյուջետային աջակցությանը, ինչպես նաև Էլեկտրոնային արդարադատության «e-justice» միասնական համակարգի մշակման աշխատանքներին:
Գրիգոր Մինասյանն ու Վասիլիս Մարագոսը ձեռք են բերել արդարադատության ոլորտի բարեփոխման համատեքստում համատեղ աշխատանքները շարունակելու պայմանավորվածություն։
Կարծիքներ