Ֆրանսիան ահաբեկչական սպառնալիքի ամենաբարձր մակարդակ է սահմանել ՌԴ- ում տեղի ունեցած հարձակումից հետո
Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Ատալը հայտարարել է երկրում ահաբեկչական սպառնալիքը մինչև առավելագույն մակարդակ բարձրացնելու մասին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա գրել է իր Telegram ալիքում։
«Մոսկվայում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո նախագահն այսօր (խմբ․՝ մարտի 24-ի) երեկոյան Ելիսեյան պալատում հրավիրել էր Պաշտպանության և ազգային անվտանգության խորհրդի նիստ։ Հաշվի առնելով, որ «Իսլամական պետությունն» է ստանձնել հարձակման պատասխանատվությունը, և այն սպառնալիքը, որին բախվում է մեր երկիրը, մենք որոշել ենք ահաբեկչական սպառնալիքի մակարդակը բարձրացնել առավելագույնի՝ ահաբեկչության ծայրահեղ սպառնալիքի», - գրել է վարչապետը։
Ֆրանսիայում ահաբեկչական սպառնալիքի երեք մակարդակ է գործում։ Ամենաբարձր՝ երրորդ մակարդակն ակտիվացվում է Ֆրանսիայում կամ արտերկրում տեղի ունեցած հարձակումներից հետո, կամ երբ կա ահաբեկչության վերահաս սպառնալիք։
Մարտի 22-ի երեկոյան, «Պիկնիկ» խմբի համերգի սկսվելուց առաջ «Կրոկուս Սիթի Հոլ» համերգասրահ էին մտել զինված տղամարդիկ և կրակ բացել համերգասրահի այցելուների ու անձնակազմի վրա։ Կրակոցներին հաջորդել էին պայթյուններ ու հրդեհ։ Ըստ վերջին տվյալների` զոհվել է 137, վիրավորվել՝ 182 մարդ։
ՌԴ իշխանությունները հայտնել են 11 մարդու ձերբակալության մասին, այդ թվում՝ բոլոր չորս կասկածյալների, որոնք անմիջականորեն մասնակցել են ահաբեկչության իրագործմանը։ Նրանք Տաջիկստանի քաղաքացիներ են։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր «Արմենպրես»-ը, Մոսկվայի դատարանը ահաբեկչության 4 կասկածյալների նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրել 2 ամսով կալանավորումը։
Ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը։
Կարծիքներ