Ադրբեջանում ԱՄՆ դեսպանության արձագանքը Իլհամ Ալիևի խորհրդական Հիքմեթ Հաջիևի հայտարարությանը

Ադրբեջանում ԱՄՆ դեսպանության արձագանքը Իլհամ Ալիևի խորհրդական Հիքմեթ Հաջիևի հայտարարությանը

Ադրբեջանում ԱՄՆ դեսպանությունն արձագանքել է Ադրբեջանի նախագահի խորհրդական Հիքմեթ Հաջիևի հայտարարությանն այն մասին, որ Ադրբեջանում Ֆրանսիայի և ԱՄՆ դեսպանները բացահայտ արհամարհել են կառավարության՝ Շուշի այցելելու հրավերը, ինչը, նրա կարծիքով, պետք է գնահատել որպես Ադրբեջանի տարածքային ամբողջականության չճանաչում։ Հաջիևը նաև ընդգծել էր, որ Ֆրանսիան ու ԱՄՆ-ը՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ, որևէ ներդրում չեն ունեցել ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում։Այս մասին տեղեկացնում է 1lurer.am-ը:

«Միացյալ Նահանգները կարծում է, որ մշտական երկխոսության, փոխգործակցության միջոցով, այդ թվում՝ ամենաբարձր մակարդակով, կարող ենք անել հնարավորը՝ օգնելու հասնել կայուն և համապարփակ խաղաղության։ Չկա Ադրբեջանի անկախության և ինքնիշխանության ավելի մեծ ջատագով, քան Վաշինգտոնը։ ԱՄՆ դեսպանատան աշխատակիցներն այցելել են և այցելում են Ադրբեջանի բոլոր շրջաններ, այդ թվում՝ Աղդամ, Զանգելան և Ֆիզուլի»,- ասված է դեսպանատան հայտարարության մեջ:

Ավելի վաղ Բաքվից հնչող հայտարարություններին արձագանքել էր նաև ԵԱՀԿ-ում Ֆրանսիայի ներկայացուցչությունը՝ հիշեցրել, որ Մինսկի խումբը հարթակ է ապահովում Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ բանակցությունների համար, որպեսզի Հարավային Կովկասում, ի վերջո, կայունություն հաստատվի:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում