ԱԳ նախարարի տեղակալն ընդունել է Ֆրանսիա-Արցախ բարեկամական խմբի պատվիրակությանը

ԱԳ նախարարի տեղակալն ընդունել է Ֆրանսիա-Արցախ բարեկամական խմբի պատվիրակությանը

Սեպտեմբերի 17-ին ԱԳ նախարարի տեղակալ Վահե Գևորգյանն ընդունել է Ֆրանսիա-Արցախ բարեկամական խմբի պատվիրակությանը:

ԱԳՆ-ից հայտնում են, որ Վահե Գևորգյանը բարձր գնահատեց Ֆրանսիա-Արցախ բարեկամական խմբի գործունեությունը, շնորհակալություն հայտնեց Արցախի ու արցախահայության կողքին մշտապես լինելու, ինչպես նաև` պատերազմի ընթացքում և դրան հաջորդած շրջանում արցախահայությանն աջակցելու համար։

Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց տարածաշրջանային անվտանգության և խաղաղության հարցերին: Այս համատեքստում Վահե Գևորգյանը  պատվիրակության անդամների ուշադրությունը հրավիրեց 44-օրյա պատերազմի հետևանքով ստեղծված հումանիտար իրավիճակին՝ շեշտելով նաև Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց շուտափույթ ու անվերապահ հայրենադարձման անհրաժեշտությունը, արցախահայության առջև ծառացած սոցիալ-տնտեսական խնդիրները: 

Վահե Գևորգյանը հյուրերին ներկայացրեց Ադրբեջանի զինված ուժերի կողմից ՀՀ ինքնիշխան տարածք ներթափանցելու արդյունքում ստեղծված իրավիճակը, ինչպես նաև կարևորեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ և տևական կարգավորման անհրաժեշտությունը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում