Պեկինը պատրաստ է Կոմկուսի 20-րդ համագումարին

Պեկինը պատրաստ է Կոմկուսի 20-րդ համագումարին

Չինաստանի Կոմունիստական կուսակցության 20-րդ համագումարի նախապատրաստական աշխատանքներն ավարտված են: Այն կմեկնարկի հոկտեմբերի 16-ին` տեղական ժամանակով 10:00-ին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց համագումարի մամուլի պատասխանատու Սուն Յելին: Վերջինիս խոսքով` Չինաստանը շարունակում է սոցիալիզմի չինական ինքնատիպ ուղին:

«Կարող եմ ասել, որ 19-րդ համագումարի առաջ քաշած առաջադրանքը կատարված է, և մենք գերազանց ենք կատարել մեր խնդիրը: Այժմ չին ժողովուրդն առավել լավ կյանքով է ապրում: Չինաստանի Կոմունիստական կուսակցության համար առաջնահերթ է ծայրահեղ աղքատության հաղթահարումը: Եվ մեր հասցեական պայքարն իր արդյունքը տալիս է: Կոմունիստական կուսակցությունն այժմ հրաշքներ է գործում` վերացնելով ծայրահեղ աղքատությունը երկրում»,-ասաց նա:

Կոմունիստական կուսակցության հաջորդ գերխնդիրը արդիական սոցիալիստական պետություն ստեղծելն է:

Անդրադառնալով հաջորդ 5-ամյակում Չինաստանի տնտեսական հեռանկարներին` Յելին, մասնավորապես, առանձնացրեց. «Լինելով աշխարհում երկրորդ տնտեսական ցուցանիշներով երկիրը, այն բանից հետո, երբ 10 տարվա ընթացքում մեծ աճ գրանցեց տնտեսությունում, Չինաստանն այժմ քայլ է կատարում դեպի բարձրորակ տնտեսություն: Այսպիսի աճը հեշտ չէ: Տնտեսական աճը կարևոր է, սակայն այն ամենակարևոր չափանիշը չէ: Կոմունիստական կուսակցությունը եկել է այն որոշման, որ արագ տնտեսական աճից պետք է քայլ կատարենք դեպի բարձրորակ տնտեսական աճ»: Ըստ ներկայացուցչի` չինական տնտեսության դրական աճը չի փոփոխվում և լավ հիմք է հետագա զարգացման համար:

Խոսելով Covid-19-ի համավարակի մասին՝ Կոմկուսի ներկայացուցիչը շեշտեց, որ Չինաստանի համար եղել և առաջնահերթ են մնում մարդկային կյանքերը:

«Լուրջ ջանքեր է պահանջում նաև կոռուպցիայի դեմ պայքարը, որում լուրջ արդյունք ենք գրանցել վերջին տարիներին: Ամրապնդվում են ինստիտուցիոնալ և ներկուսակցական աշխատանքներն այդ ուղղությամբ: Չին ժողովուրդը նույնպես ատում է կոռուպցիան»,-ասաց նա:

Չինաստանի Կոմունիստական կուսակցության 20-րդ համագումարը կմեկնարկի հոկտեմբերի 16-ին և կեզրափակվի հոկտեմբերի 22-ին: Համագումարին կմասնակցի 2296 պատվիրակ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում