Հնդկաստանում պարզել են նահանգներից մեկում տարածվող առեղծվածային հիվանդության բռնկման հնարավոր պատճառը
Հնդկաստանի հարավային Անդհրա Պրադեշ նահանգում տարածվող առեղծվածային հիվանդության պատճառը կորող էր լինել թունավորումը կապարով և նիկելով, որոնց հետքերը հայտնաբերվել են ջրում և կաթում: Ինչպես փոխանցում է РИА Новости-ն, այս մասին տեղեկացրել են նահանգի գլխավոր նախարարի գրասենյակից:
Անհայտ հիվանդության տարածումը Էլուրու քաղաքում և դրա շրջակայքում սկսվել է կիրակի: Հիվանդության ախտանշաններն են նոպաները 3-5 րոպեն մեկ, հիշողության կորուստը մի քանի րոպեով, հանկարծակի ուշագնացությունները, գլխացավը և ցավը մեջքի հատվածում:
Նշվում է, որ հիվանդության պատճառների մասին ամբողջական տեղեկությունը հայտնի կդառնա, երբ կենտրոնական գերատեսչություններն ավարտեն իրենց հաշվետվությունները:
Հնդկաստանի քիմիական տեխնոլոգիաների և այլ ինստիտուտներ հավելյալ ուսումնասիրություններ են անցկացնում, որոնց արդյունքները պատրաստ կլինեն առաջիկայում:
Տեղի առողջապահության մարմինների տվյալներով՝ ընդհանուր առմամբ, տուժել է 505 մարդ, որոնցից 370-ն ապաքինվել են, մյուսները գտնվում են հիվանդանոցներում:
Կարծիքներ