Մեքսիկայի քաղաքների փողոցներում 200-ից ավելի կոկորդիլոս է հայտնվել
Վերջին շաբաթներին տեղացած հորդառատ անձրևներից հետո ավելի քան 200 կոկորդիլոս ներխուժել է Մեքսիկայի հյուսիս-արևելյան քաղաքների փողոցներ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է The Associated Press գործակալությունը։
Ըստ իշխանությունների՝ «Ալբերտո» արևադարձային փոթորկի, իսկ այնուհետև «Բերիլ» մրրիկի առաջացրած հորդառատ անձրևներից ծովալճակներում բարձրացել է ջրի մակարդակը, ինչի պատճառով կոկորդիլոսները հայտնվել են այնպիսի քաղաքներում, ինչպիսիք են Տամպիկոն, Սիուդադ Մադերոն և Ալտամիրան, որտեղ բռնել և տեղափոխել են առնվազն 165 կոկորդիլոս։
Եվս 40-ից ավելի կոկորդիլոս տվյալ շրջաններում բռնել են հունիսին։
Շրջակա միջավայրի պահպանության դաշնային վարչությունը շաբաթվա սկզբին հայտնել է, որ վարչության աշխատակիցները քաղաքացիական պաշտպանության մարմինների և հրշեջների հետ զբաղվել են կոկորդիլոսների որսով՝ սոցիալական ցանցերում քաղաքների փողոցներում սողունների հայտնվելու մասին հաղորդումների, ինչպես նաև քաղաքացիների հեռախոսազանգերից հետո:
Տամաուլիպասի նահանգի շրջակա միջավայրի քարտուղարությունը հայտնել է, որ բոլոր բռնված կոկորդիլոսներին այնուհետև բաց են թողել իրենց համապատասխան բնակության միջավայր, որտեղ նրանք վտանգ չեն ներկայացնի մարդկանց համար:
Կարծիքներ