Սյունիքում բազմահամակազմ դասարանում դասավանդող ուսուցիչը կվարձատրվի նոր մոտեցմամբ, հաստատվել են նոր ծրագրեր. Անդրեասյան
Այսօր միջնաժամկետ ծախսային ծրագրի շրջանակներում հաստատվել են երեք նոր ծրագրերը, որոնցով նախատեսվում է, որ հաջորդ տարվանից հավելյալ վարձատրություն կստանան ԲՏՃՄ առարկաները դասավանդող ուսուցիչները՝հաշվի առնելով բնագիտական և տեխնոլոգիական ուղղություններով ուսուցիչների ներգրավման կարևորությունը, դրա համար լրացուցիչ խթանների անհրաժեշտությունը:
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԿԳՄՍՆ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը:
Հավելյալ վարձատրություն կստանան նաև գյուղական մինչև հարյուր աշակերտ ունեցող դպրոցների ուսուցիչները՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ այս դպրոցներում դասաժամերը քիչ են, ուստի գործող ատեստավորման և տարակարգերի մեխանիզմներով վարձատրության չափի էական փոփոխություն հաճախ տեղի չի ունենում։
Սա նշանակում է, որ գյուղական փոքր դպրոցում դասավանդող բնագիտական առարկայի ուսուցիչը միանգամից երկու ծրագրով կստանա հավելյալ վարձատրություն, որը կգումարվի իր աշխատավարձին ու մյուս հնարավոր հավելավճարներին, օրինակ կամավոր ատեստավորման կամ տարակարգի։ Առաջիկայում ԿԳՄՍՆ-ն կներկայացնի հավելյալ վարձատրության կարգը։
Սյունիքի մարզում բազմահամակազմ դասարաններում դասավանդող ուսուցիչները կվարձատրվեն նոր մոտեցմամբ՝ երկու դասարանների միավորման պարագայում հավելյալ վարձատրվելով դրույքաչափի հիսուն տոկոսի չափով, երեք դասարանների պարագայում՝ 75 տոկոսի չափով։
Հետագայում այս մոտեցումը կտարածվի մյուս մարզերի վրա՝ դասարանների կազմավորման նոր կարգի համաձայն։
Կարծիքներ