Գիտության ոլորտում կարևոր խնդիրներից մեկը երիտասարդ գիտնականներին խրախուսելն է. նախարարը՝ ֆինանսավորված ծրագրերի մասին

Գիտության ոլորտում կարևոր խնդիրներից մեկը երիտասարդ գիտնականներին խրախուսելն է. նախարարը՝ ֆինանսավորված ծրագրերի մասին

Գիտության ոլորտում մեր կարևոր խնդիրներից մեկը երիտասարդ գիտնականների մուտքը խրախուսելն է։

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ նշելով, որ նախորդ տարի Գիտության կոմիտեի կողմից կազմակերպված չորս արբեր մրցույթների արդյունքում ֆինանսավորվել է 86 ծրագիր, որոնցում ներգրավված են 286 անդամ, որից 211-ը՝ երիտասարդ գիտնականներ (73.7%, մինչև 35 տարեկան)։ Ծրագրերից 69-ի (80.2%) ղեկավարները երիտասարդ գիտնականներ են:

«Ընդ որում, առաջին անգամ իրականացվել է Հեռավար լաբորատորիաների հիմնադրման ծրագիրը, որի արդյունքում ֆինանսավորման են երաշխավորվել 11 երկրներից 18 գիտնականների ներկայացրած թեմաներ (գիտնականներից 9-ը հայազգի չեն, իսկ ՀՀ-ում հիմնադրվող ստորաբաժանումների ղեկավարներից 9-ը կանայք են)։ Յուրաքանչյուր ծրագրին հատկացվել է մինչև 152.5 միլիոն ՀՀ դրամ։

Առաջին անգամ իրականացվել է նաև Հայաստանի Հանրապետության գիտական համայնքին արտերկրի գիտնականների ինտեգրմանն աջակցության ծրագիրը, որի արդյունքում 2022 թվականի հոկտեմբեր ամսից ֆինանսավորման են երաշխավորվել Սփյուռքից Հայաստան տեղափոխված 4 և ՌԴ-ից Հայաստան տեղափոխված 1 գիտնականների գիտական թեմաներ՝յուրաքանչյուրը 175 միլիոն ՀՀ դրամ ծավալով»,- գրել է նա:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում