Բարձրագույն դատական խորհուրդն հայտարարություն է տարածել
Բարձրագույն դատական խորհուրդը լիազորությունների ստանձնման պահից առայսօր ձեռնամուխ է եղել Դատական իշխանության համակարգում առկա խնդիրների գույքագրման աշխատանքներին, որի ընթացքում, ի թիվս այլ ուսումնասիրությունների, կատարվել և հրապարակվել են Հայաստանի Հանրապետությունում արդարադատության արդյունավետության համալիր բարձրացման Հայեցակարգը և Բարձրագույն դատական խորհրդի գործունեության տարեկան Հաղորդումը: Հիշյալ փաստաթղթերում, ի թիվս Դատական իշխանության համակարգում առկա մի շարք այլ խնդիրների, մանրամասնությամբ ուսումնասիրության են ենթարկվել դատարաններում ձևավորված ծանրաբեռնվածության հիմնախնդիրը և դրա հիմքում ընկած հանգամանքները: Կատարված ուսումնասիրությունների հիման վրա ձևակերպվել է Բարձրագույն դատական խորհրդի տեսլականը դատարաններում առկա ծանրաբեռնվածության խնդրի հաղթահարման և կանխարգելման վերաբերյալ, ինչպես նաև մատնանշվել են առաջնահերթության կարգով ձեռնարկման ենթակա գործողությունների ռազմավարական ուղղությունները:
Դրանից բացի, հարկ է նշել, որ Բարձրագույն դատական խորհրդի և արդարադատության նախարարության միջև առկա արդյունավետ համագործակցության շրջանակներում հնարավոր է դարձել Բարձրագույն դատական խորհրդի կողմի, այդ թվում՝ վերը նշված ուսումնասիրությունների արդյունքում ձևակերպված անհրաժեշտ գործողություններն ընդգրկել ՀՀ կառավարության 2019 թվականի հոկտեմբերի 10-ի «ՀՀ դատական և իրավական բարեփոխումների 2019-2023թթ. ռազմավարությունը և դրանից բխող գործողությունների ծրագրերը հաստատելու մասին» թիվ 1441-Լ որոշման մեջ:
Այս մասին հայտնում են ԲԴԽ լրատվական ծառայությունից:
Ներկայումս միջոցներ են ձեռնարկված նաև էլեկտրոնային արդարադատության համակարգի ամբողջական ներդրման գաղափարի իրականացման հարցում: Ընդամենը վերջերս՝ 14.05.2020թ., Բարձրագույն դատական խորհրդի ԲԴԽ-27-Ո-59 որոշմամբ՝ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում փորձնական եղանակով ներդրվել է էլեկտրոնային կարգով ստացված վճարման կարգադրությունների՝ Ծրագրի միջոցով բաշխման գործընթացը:
Ամփոփելով վերոգրյալը՝ հարկ է նշել, որ Բարձրագույն դատական խորհուրդն արձանագրում է այսօր ՀՀ դատարաններում առկա ծանրաբեռնվածության փաստը և իր լիազորությունների շրջանակներում առկա ծանրաբեռնվածության հաղթահարման և կանխարգելման համար ձեռնարկում հնարավոր բոլոր միջոցները, այդ թվում՝ դիտարկելով օրենսդրության կատարելագործման, էլեկտրոնային արդարադատության համակարգի ներդրման, դատավորների թվաքանակի ավելացման, դատավորների տարեկան պարտադիր վերապատրաստման ծրագրերի արդյունավետության, դատավորների կողմից ժամանակի արդյունավետ կառավարման և այլ գործոնների հնարավոր ազդեցությունը դատարանների ծանրաբեռնվածության թոթափման գործընթացում:
Վերոգրյալի լույսի ներքո Բարձրագույն դատական խորհուրդը կարևորում է նաև դատարաններում աշխատանքային կարգապահության պահանջը խստիվ պահպանելու անհրաժեշտությունը և գտնում է, որ դատարանների ծանրաբեռնվածության հաղթահարման գործընթացում ուսումնասիրության արժանի հարց է նաև հիշյալ պահանջի պահպանման պրակտիկան և դրա ազդեցության չափը դատարանների ներկայիս ծանրաբեռնվածության վրա:
Հիմք ընդունելով վերոգրյալը և «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 7-րդ գլխի իրավակարգավորումները, ինչպես նաև հաշվի առնելով դատարանները ծանրաբեռնվածությունից օր առաջ բեռնաթափելու կարևորությունը և անհրաժեշտությունը, դատարանների ծանրաբեռնվածության խնդիրը լուծելու և դատարանների բնականոն գործունեությունն ապահովելու հարցում Բարձրագույն դատական խորհրդին դատարանների նախագահների օժանդակելու պատրաստակամությունը՝ Բարձրագույն դատական խորհուրդը դատարանների նախագահներին հորդորում է.
1) սույն հայտարարության հրապարակման պահից «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 7-րդ գլխի իրավակարգավորումներով դատարանների նախագահներին տրված գործիքակազմով ակտիվորեն ձեռնարկել միջոցներ դատավորների և դատարանների աշխատակիցների կողմից աշխատանքային կարգապահությունը խստիվ պահպանելու ուղղությամբ (այդ թվում՝ ժամանակին աշխատավայր ներկայանալու և աշխատավայրից հեռանալու առումով),
2) դատավորների և դատարանների աշխատակիցների կողմից աշխատանքային կարգապահության պահպանման վերաբերյալ տեղեկատվությունը և դրա վերաբերյալ դատարանի նախագահի դիրքորոշումը, յուրաքանչյուր ամսվա կտրվածքով, տրամադրել Բարձրագույն դատական խորհրդին՝ դրանք ուսումնասիրելու, ըստ անհրաժեշտության՝ քննարկումներ կազմակերպելու և համապատասխան միջոցներ ձեռնարկելու համար:
Կարծիքներ