Իշխանությունները և ընդդիմությունները նույն օրգանիզմի անբաժան մասերն են. Նիկոլ Փաշինյան
Իշխանությունը և ընդդիմությունը նույն օրանիզմի անբաժան մասերն են։ Եթե չկա ընդդիմություն, իշխանությունը մի քիչ այլ հասկացություն է դառնում։ «Արմենպրես»-ի փախանցմամբ՝ ապրիլի 30-ին Քաղաքացու օրվա առթիվ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին կից աշակերտական խորհրդի անդամների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչ է իրենից ենթադրում և ինչով պետք է զբաղվի ընդհանրապես ընդդիմությունը։
«Յուրաքանչյուր մարդ իր մեջ ունի և՛ իշխանություն, և՛ ընդդիմություն, մենք կայացնում ենք որոշումներ ու մեր ներսում քննարկում՝ անե՞նք դա, թե՞ ոչ։ Կասկածներ, ներքին դիմադրություններ ենք ունենում, որ այդ բանը պետք չի անել, կամ՝ հակառակը՝ պետք է անել... Նույնն է և այս պարագայում. ընդդիմությունն ու իշխանությունն էլ նույն օրգանիզմի անբաժան մասեր են, և այդ պատկերը դասական, ժողովրդավարական իմաստով արտահայտվում է Խորհրդարանում։ Այստեղ կա և ընդդիմություն, և իշխանություն, բայց նրանք բոլորը միասին իշխանություն են, այն էլ՝ օրենսդիր իշխանություն»,- ընդգծեց վարչապետը։
Կառավարության ղեկավարը նկատեց՝ կայացած ժողովրդավարական երկրներում իշխանությունն ու ընդդիմությունը սերտ համագործակցում են, սակայն, ցավաք, Հայաստանում այդպես չէ ու ըստ էության՝ այդպես չի էլ եղել երբեք;
«Բացառությամբ այն դեպքերի, երբ իշխանությունն ու ընդդիմությունը կուլիսային գործարքների մեջ են եղել։ Ասել են, որպեսզի կարողանանք իրար հետ վիճակ պահել, եկեք ձևացրեք իբր դուք ընդդիմություն եք, ու մենք իրար հետ կապահովենք, որ այլ մարդիկ Խորհրդարանում չհայտնվեն, այլ տեղերում չհայտնվեն։ Մեծամասնությունն (իշխանություն) ու փոքրամասնությունն (ընդդիմություն) իրար հետ իշխանություն են, այլ բան, որ մեծամասնությունը կառավարում է, փոքրամասնությունը կառավարմանը մասնակցում է անուղակիորեն»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։
Աշակերի հարցին ի պատասխան, թե Հայաստանում սխալ է հասկացվում ընդդիմություն ասվածը, վարչապետն ընդգծեց, որ ցավոք, մենք դեռ ինստիտուցիոնալ կայացման մակարդակի չենք հասել, ու դրանում ողբերգություն չկա։ Այլ բան՝ մենք ուզո՞ւմ ենք այդ ճանապարհն անցնել, թե՞ չենք ուզում.
«Դրա համար պետք է, որ քաղաքական հակադրությունները գաղափարների վերաբերյալ լինեն, և ես կարծու եմ, որ մենք այդ ճանապարհով ենք գնում»։
Շարունակելով միտքը՝ վարչապետը նկատեց՝ այսօր Հայաստանում կա քաղաքական երկու ուղղություն։ Ուղղություններից մեկը պայմանականորեն կոչեց խաղաղության օրակարգ, մյուսը՝ այս օրակարգի հետ չհամաձայնվողների օրակարգ։
«Եթե կարողանանք ճիշտ տրամաբանությամբ կառուցել մեր քաղաքական կյանքը, այս աշխարհայացքների և գաղափարների շուրջ կարող են ձևավորվել քաղաքական ուղղություններ, կամ՝ ընդհակառակը՝ քաղաքական մի ուղղությունը գերակշռի մյուս ուղղության նկատմամբ, ու արդեն այս մեծ օրակարգերի ներսում տեղի կունենան քաղաքական ուղղությունների ձևավորումներ»,- նշեց նա։
Կարծիքներ