Կառավարությունը ռազմական դրության ընդհանուր զորահավաքը փոխարինեց մասնակի զորահավաքով
Կառավարությունը նախատեսում է մինչև 2020 թվականի դեկտեմբերի 25-ը փուլային կարգով ապահովել զորահավաքային զորակոչի միջոցով զինված ուժերում և համապատասխան այլ պետական մարմիններում զորահավաքային զինվորական ծառայություն անցնող զինծառայողների մասնակի զորացրումը և ռազմատրանսպորտային պարտավորություն ունեցող մարմիններից ներգրաված տրանսպորտային միջոցների վերադարձն այդ մարմիններին: Այդ մասին որոշումն ընդունվեց գործադիրի նիստում:
Որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է 2020 թվականի սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի կողմից սանձազերծած ռազմական գործողությունները նոյեմբերի 10-ից դադարեցվելու արդյունքում Կառավարության սեպտեմբերի 27-ի որոշմամբ հայտարարված ռազմական դրության ժամանակ կիրառվող առանձին միջոցառումների իրականացումը մասնակի դադարեցնելու անհրաժեշտությամբ:
Բանն այն է, որ կառավարության 27.09.2020թ. որոշման հավելվածով սահմանվել են հայտարարված ընդհանուր զորահավաքի շրջանակներում իրականացվող միջոցառումները:
Նոյեմբերի 10-ից ռազմական գործողությունները դադարեցվելու արդյունքում վերացել է պահեստազորայինների ընդհանուր զորահավաքային զորակոչ եւ ռազմատրանսպորտային պարտականության շրջանակներում տրանսպորտային միջոցների ամբողջական ներգրավում իրականացնելու, ինչպես նաեւ զինված ուժերի կիրառման որոշակի ռազմավարական ուղղություններում եւ այլ զորքերում ու քաղաքացիական պաշտպանության եւ արտակարգ իրավիճակների լիազոր պետական մարմնի համակարգում զորահավաքային զինվորական ծառայություն իրականացնող զինծառայողների եւ ներգրաված տրանսպորտային միջոցների կարիքը:
Որոշման նախագծի համաձայն 2020 թվականի սեպտեմբերի 27-ին հայտարարված ընդհանուր զորահավաքը փոխարինվում է մասնակի զորահավաքով, զինված ուժերի պատերազմական ժամանակների հաստիքների համալրումը նախատեսվում է սահմանափակել ԶՈՒ կիրառման համար անհրաժեշտ ռազմավարական ուղղություններով:
Կարծիքներ