Խթանելով ընթերցանությունը. «օրվա հաղթողները» պարգևատրվել են խրախուսական նվերներով
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն ընդունել է Գիրք նվիրելու օրվա առթիվ կազմակերպված մրցույթի «օրվա հաղթողներին» (10 աշակերտ) և նրանց հանձնել շնորհակալագրեր ու խրախուսական նվերներ:
Միջոցառմանը ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը:
Մրցույթը փետրվարի 10-19-ը կազմակերպվել էր 10-12-րդ դասարանների աշակերտների համար:
Նախարարության ֆեյսբուքյան հարթակում հրապարակվել են հայ և համաշխարհային գրականությունից հատվածներ, և աշակերտների խնդիրն էր որոշել՝ «Ո՞ր ստեղծագործությունից է մեջբերումը, և ո՞վ է հեղինակը» (օրական 1 հրապարակում):
Մրցույթի նպատակն էր բարձր դասարանների աշակերտների շրջանում խրախուսել ընթերցանությունը, հանրահռչակել հայ և համաշխարհային գրողներին, նրանց ստեղծագործությունները, հետաքրքրություն սերմանել գրքի ու գրականության նկատմամբ:
Նախարար Վահրամ Դումանյանը շնորհավորել է աշակերտներին խորհրդանշական հաջողության կապակցությամբ՝ միաժամանակ ողջունելով բոլոր մասնակիցներին, որոնք նույնպես, թեև ցանկանում էին հաղթել, բայց չեն հասցրել առաջինը հատել գիծը:
«Մեր ապագան պետք է տեսնենք կրթության մեջ: Յուրաքանչյուր հաջողության սկզբնաղբյուրը կրթությունն է՝ ճիշտ մտածելակերպի ձևավորմամբ, որն էլ հզորության և անվտանգության հիմքն է»,- ասել է նախարարը:
Նախարարը հետաքրքրվել է՝ ինչ մասնագիտական կողմնորոշում ունեն աշակերտները, և վստահեցրել, որ պետությունն անում է ամենայն հնարավորը՝ կրթության որակը բարելավելու և սովորողներին աջակցելու համար:
Մրցույթում աշակերտներն ապահովել են բարձր մասնակցայնություն. բոլոր 10 հրապարակումների մեկնաբանություններում գրվել է ավելի քան 5450 պատասխան:
Աշակերտներին ողջունել է նաև նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը՝ ընդգծելով թեմայի նկատմամբ հետաքրքրության կարևորությունը.
«Աշակերտների մասնակցության բարձր ցուցանիշը վկայում է, որ կարևորում եք ընթերցանությունը: Տեղեկատվական առատ հոսքի մեջ նկատելը և մրցույթով հետաքրքրվելն ուսուցչի աշխատանքի արդյունքն են: Այդ իսկ պատճառով առանձնակի շնորհակալություն եմ հայտնում մանկավարժներին, որոնք ձեր շրջանում գրքի նկատմամբ հետաքրքրություն են սերմանել»:
«Վստա՛հ եղեք, որ ըստ ԿԳՄՍ նախարարության որդեգրած սկզբունքի՝ ուսուցիչը պետք է լինի հասարակության մեջ ամենահարգված մարդու կարգավիճակում, ամենապատկառելի դերում»,- հավելել է նախարարը:
Աշակերտները շնորհակալություն են հայտնել նախաձեռնության համար, կարևորել նմանօրինակ մրցույթների նշանակությունն ընթերցանության խրախուսման, խթանման և առհասարակ ընթերցասերների գնահատման, նրանց ոգևորելու տեսանկյունից: «Ամեն օր սպասում էի օրվա հրապարակմանը: Տեսնում էի, որ թեժ պայքար է, ու այդ պայքարում ինքս ինձնից մեծ սպասելիքներ ունեի. շատ էի ուզում հաղթել»,- ասել է Երևանի համար 159 դպրոցի 11-րդ դասարանի աշակերտուհի Անուշ Գասպարյանը:
Մրցույթի 2-րդ օրվա հաղթող, տասնյակի արական սեռի միակ ներկայացուցիչ Ադիբեկ Գևորգյանն էլ նշել է, որ նման միջոցառումները լավ խթան են վաղ տարիքից ընթերցանությամբ զբաղվելու և մրցույթներում հաղթանակի հնարավորությունները մեծացնելու համար:
Վերջին օրվա հաղթողը՝ Անուշ Առաքելյանը, ոգևորությամբ պատմել է, որ համառորեն պատասխանել է բոլոր հրապարակումներին՝ գործի դնելով թե՛ գիտելիքը, թե՛ հմտությունները:
«Հույսս չէի կորցնում, որ հաղթողներից մեկն էլ ես եմ լինելու: Վերջին օրվա ստեղծագործական հատվածը Հովհաննես Թումանյանի «Դեպի անհունը» պոեմից էր: Դասարանում ուսուցչի հետ կարդացել էինք, ու հատվածն ինձ ծանոթ էր: Շատ ուրախ եմ, որ հաղթողներից մեկն եմ»,- ասել է Անուշը՝ նշելով, որ թեև որոշել է դառնալ ծրագրավորող, բայց կարևորում է բազմակողմանի զարգացվածությունը և շատ է սիրում ընթերցել:
Առաջիկայում ևս ԿԳՄՍ նախարարությունը նախատեսում է կազմակերպել թեմատիկ մրցույթներ դպրոցական տարբեր տարիքային խմբերի համար:
Կարծիքներ