Զախարովայի հայտարարությունը՝ հայ-ադրբեջանական սահմանին առկա լարվածության վերաբերյալ
Ռուսաստանը հատուկ ուշադրություն է դարձնում հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին: Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«ՌԴ-ն, որ մտերիմ հարաբերություններ ունի և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի հետ, հատուկ ուշադրություն է դարձնում հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին, անշուշտ, ԼՂ-ում տիրող իրադրությանը, որտեղ տեղակայված է ռուսական խաղաղապահ զորախումբը: Ռուսական կողմը շարունակում է զգալի ներդրում ունենալ Լեռնային Ղարաբաղում կայունության պահպանման, խաղաղ կյանքին վերադարձի, առկա հումանիտար հարցերի լուծման գործում, այդ թվում՝ ռազմագերիների և փախստականների վերադարձի, զոհերի աճյունների վերադարձի և փոխանակման գործում: Մենք աջակցում ենք Երևանի և Բաքվի միջև խաղաղության և վստահության հաստատման հարցին»,- ասել է Զախարովան:
Նա նաև նշել է, որ սահմանային միջադեպերը բացասաբար են անդրադառնում տարածաշրջանում տիրող իրավիճակի վրա:
«Իհարկե, մենք մտահոգությամբ ենք ընդունում հայ-ադրբեջանական սահմանի առանձին հատվածներում լարվածության աճի ցանկացած դրսևորում: Իհարկե, նման միջադեպերը չափազանց բացասական ազդեցություն են թողնում տարածաշրջանում տիրող միջավայրի վրա, չեն նպաստում Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսության կարգավորմանը, հանգեցնում են երկու երկրների բնակչության շրջանում անտեղի կորուստների: Այս առիթով կցանկանայի ցավակցել զոհված հայ զինծառայողներին հարազատներին, շուտափույթ ապաքինում մաղթել սահմանային միջադեպերի ընթացքում բոլոր տուժածներին»,- հավելել է Զախարովան՝ շեշտելով, որ սահմանային միջադեպերի կարգավորումը պետք է տեղի ունենա բացառապես քաղաքական-դիվանագիտական ճանապարհով:
Կարծիքներ