ԱՄՆ պետքարտուղարի թեկնածուն վերահաստատել է Բայդենի խոստումը՝ Հայոց ցեղասպանության առնչությամբ

ԱՄՆ պետքարտուղարի թեկնածուն վերահաստատել է Բայդենի խոստումը՝ Հայոց ցեղասպանության առնչությամբ

ԱՄՆ պետքարտուղարի թեկնածու Էնթոնի Բլինկենը  վերահաստատել է նախագահ Ջո Բայդենի՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևին սատարելու խոստումը: Ինչպես հայտնում է ANCA-ն, Բլինկենն այս մասին ասել է սենատոր Էդ Մարեյի գրավոր հարցերին ի պատասխան:

Սենատորի հարցին, թե արդյոք պաշտոնապես կճանաչե՞ն Օսմանյան կայսրության կողմից հայ ժողովրդի դեմ կատարված հանցագործությունները՝ որպես ցեղասպանություն՝ Բլինկենը պատասխանել է. «Որպես նախագահի թեկնածու ՝ նախագահ Բայդենը Հիշատակի օրվա իր հայտարարության մեջ խոստացավ սատարել Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևին: Մեր վարչակազմը պարտավորվելու է գերակայություն տալ մարդու իրավունքներին և ապահովել, որ նման ողբերգություն չկրկնվի»:

Թեկնածուի խոսքով՝ վարչակազմը, պաշտոնում հաստատվելուց հետո, կորոշի Սպիտակ տան հայտարարության ձևակերպումը՝ Հիշատակի օրը նշելու համար և կխորհրդակցի Կոնգրեսի հետ այս կարևոր հարցի վերաբերյալ:

.Սենատորը նաև հետաքրքրվել է, թե աշնանը տեղի ունեցած պատերազմից հետո ի՞նչ քայլեր է ձեռնարկելու վարչակազմը ՝ Ադրբեջանի կողմից պահվող ռազմագերիների անհապաղ վերադարձը ապահովելու համար:

Բլինկենը հիշեցրել է՝ ինչպես ասել է նախագահը՝ ԱՄՆ-ն պետք է դիվանագիտական ջանքեր գործադրի հակամարտության տևական լուծում գտնելու ուղղությամբ `աշխատելով եվրոպացի գործընկերների հետ, նաև ռազմագերիների վերադարձը խթանելու համար: «Պաշտոնում հաստատվելու դեպքում ես կխթանեմ ԱՄՆ-ի ներգրավվածությունը `գտնելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության մշտական կարգավորումը, որը կապահովի Լեռնային Ղարաբաղի անվտանգությունը և կօգնի կանխել նոր պատերազմի բռնկումը»,-ասել է նա ու հավելել, որ  սա ենթադրում է Մինսկի խմբի ձևաչափով ԱՄՆ ներգրավվածության ակտիվացում և լրացուցիչ դիվանագիտական աշխատանք`երրորդ կողմերի հետագա միջամտությունը կանխելու համար:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում