Ձեռնարկվելու են բոլոր միջոցները մեր պետական սահմանը պաշտպանելու նպատակով. Արման Աբովյանը ներկայացրեց ԱԺ հայտարարության նախագիծը
Խորհրդարանն արտահերթ նիստում քննարկում է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ներկայացրած՝ «Սահմանամերձ գոտիներում, մասնավորապես, Սյունիքում, Գեղարքունիքում և Վայոց ձորում ստեղծված ճգնաժամային իրավիճակի, առկա խնդիրների և դրանց լուծման ուղիների, սահմանների պաշտպանության և անվտանգության ապահովմանն ուղղված հարցերի վերաբերյալ» ՀՀ ԱԺ հայտարարության նախագիծը:
ԲՀԿ խմբակցության քարտուղար Արման Աբովյանը նշեց, որ նախաձեռնության հիմնական նպատակն է ոչ միայն արձանագրել ստեղծված իրավիճակը և հայտարարությամբ հանդես գալ, այլև ստանալ տեղեկություն համապատասխան գերատեսչություններից և հասկանալ՝ ինչ է կատարվում: Պատգամավորը ընթերցեց հայտարարության նախագծի տեքստը և հիմնավորումը:
«Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովն արձանագրում է, որ 2021 թվականի մայիսի 12-ին Սյունիքի մարզում Սև լճի տարածքից ադրբեջանական զինուժը հատել է Հայաստանի Հանրապետության պետական սահմանը, խորացել մի քանի կիլոմետր դեպի Վերիշեն բնակավայր: Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հաստատել է, որ ադրբեջանական զինուժի կողմից «սահմանների ճշգրտման» պատրվակով իբր կատարվել են որոշակի աշխատանքներ Սյունիքի սահմանային հատվածներից մեկում:
Ակնհայտ է, որ ադրբեջանական զինուժի այս գործողություններն անընդունելի են Հայաստանի Հանրապետության համար, դա ակնհայտ ոտնձգություն է Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ և Հայաստանի Հանրապետությունը չի հանդուրժի ստեղծված իրավիճակը:
Սույն թվականի մայիսի 13-ին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի ևս մեկ արտահերթ նիստ, որում արձանագրվել է, որ արդեն երկրորդ օրն է Սյունիքի մարզի Սև լճի շուրջ և մերձակա տարածքներում պայթյունավտանգ իրավիճակ է: Ադրբեջանական զինուժի շուրջ 250 ներկայացուցիչներ այս պահին շարունակում են գտնվել Հայաստանի Հանրապետության տարածքում՝ Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի որոշ հատվածներում:
Հաշվի առնելով Ադրբեջանի վարած հակահայկական ռազմատենչ քաղաքականությունը, Ադրբեջանի ղեկավարության կողմից վերջին շրջանում Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության նկատմամբ բացահայտ սպառնալիքներ, այդ թվում՝ ուժի կիրառման սպառնալիքներ պարունակող հայտարարություններ և պետական քաղաքականության մակարդակ բարձրացված հայատյատությունը՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը խստագույնս դատապարտում է Ադրբեջանի կողմից Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության նկատմամբ ոտնձգությունները և փաստում, որ Ադրբեջանի կողմից վարվող ագրեսիվ քաղաքականությունը խախտում է միջազգային իրավունքի հիմնարար նորմերը, այդ թվում՝ ՄԱԿ-ի Կանոնադրության 2-րդ հոդվածում ամրագրված սկզբունքները, ինչը Հայաստանի Հանրապետությանն իրավունք է տալիս հակադարձել Ադրբեջանի ագրեսիային միջազգային իրավունքի և Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն:
Ազգային ժողովը Հայաստանի Հանրապետության ժողովրդի անունից հայտարարում է՝
մեր կողմից ձեռնարկվելու են բոլոր համարժեք միջոցներն Ադրբեջանի ռազմական ագրեսիան կասեցնելու և մեր պետական սահմանն ու ժողովրդին պաշտպանելու նպատակով,
կոչ ենք անում միջազգային հանրությանը դատապարտել՝ Ադրբեջանի կողմից Հայաստանի Հանարպետության տարածքային ամբողջականության դեմ ուղղված սադրիչ գործողությունները, ուժի գործադրման սպառնալիքներն ու փաստացի գործադրումը»:
Հայտարարության նախագծի հիմնավորումը.
«Ընթացիկ տարվա մայիսի 12-ին տեղի ունեցած ադրբեջանական զինուժի դիվերսիոն ներթափանցման փաստի առթիվ Հանրապետությունում ստեղծված ճգնաժամային իրավիճակում, երբ դեռեւս ադրբեջանական զինուժի ներկայացուցիչները չեն վերադարձել եւ բանակցությունների արդյունքում միևնույն է հրաժարվում են վերադառնալ իրենց ելման դիրքեր, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը՝ որպես առաջնային մանդատ կրող միակ մարմին խստիվ դատապարտում է հարեւան երկրի թշնամական գործողություններն ու ոտնձգությունները՝ մեր երկրի սահմանների անխախտելիության եւ տարածքային ամբողջականության նկատմամբ:
Նախագծի ընդունմամբ կապահովվի՝
Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը և դրա դեմ ուղղված ցանկացած ոտնձգություն:
ՀՀ սահմանային բնակիչների իրավունքներն ու խաղաղ կյանքը, ֆիզիկական ու հոգեկան անձեռնմխելիությունը
Հայկական կողմից միջազգային հանրությանը ներկայացվող խաղաղության և անվտանգության հեռանկարները տարածաշրջանում` ի հակադրություն հայատյացության ադրբեջանական շարունակվող քաղաքականության:
Հայաստանի Հանրապետության անվտանգության և տարածքային ամբողջականության ապահովումը, բնակիչների իրավունքների, ֆիզիկական և հոգեկան անձեռնմխելիության երաշխավորումը միջազգային իրավունքի սկզբունքներին համապատասխան»:
Կարծիքներ