Ուռուցքաբանության ազգային կենտրոնի մասնագետներն անվճար սոնոգրաֆիկ հետազոտություններ են իրականացրել Սյունիքում

Ուռուցքաբանության ազգային կենտրոնի մասնագետներն անվճար սոնոգրաֆիկ հետազոտություններ են իրականացրել Սյունիքում

ՀՀ առողջապահության նախարարության Վ.Ա. Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնը (ՈՒԱԿ), կարևորելով բժշկական ծառայությունների շարունակական զարգացումը, ՀՀ մարզերում նախաձեռնել է գիտագործնական միջոցառումների և գիտաժողովների շարք, որը կրում է «Ուռուցքաբանական ֆորում» անվանումը:

Ինչպես տեղեկացրին ՈՒԱԿ-ից, երկրորդ՝ «Երևան-Սյունիք ուռուցքաբանական ֆորումը», տեղի է ունեցել Կապանում: Ֆորումի բացմանը ողջույնի խոսքով է հանդես եկել ՈՒԱԿ տնօրեն Նարեկ Մանուկյանը, ով կարևորել է պարբերաբար այցերը մարզեր, դրանց ջրջանակում տեղի բժիշկների հետ համագործակցությունները, բնակչության համար անվճար հետազոտությունները` կենտրոնի բժիշկների մասնակցությամբ:

«Ֆորումի ընթացքում, որին մասնակցում էին շուրջ 20 մասնագետ (ՈւԱԿ-ի բաժանմունքների ղեկավարներ, բժիշկներ), հանդես եկան զեկույցներով՝ մարզային գործընկերների հետ կիսվելով իրենց փորձով, տարբեր գիտաժողովների, մասնագիտական որակավորումները բարձրացնող վերապատրաստումների ընթացքում ձեռք բերած գիտելիքներով, ինչպես նաև ներկայացրեցին ՈՒԱԿ-ում վերջին շրջանում տեղի ունեցած փոփոխությունները, ձեռք բերված սարք-սարքավորումների հնարավորությունները, կատարված բացառիկ վիրահատությունները:

Ֆորումին զուգահեռ Սյունիքի մարզում բնակվող քաղաքացիների համար ԱՆՎՃԱՐ սոնոգրաֆիկ հետազոտություններ և նեղ-մասնագիտական խորհրդատվություններ են իրականացրել ՈՒԱԿ-ի պրոֆեսիոնալ բժշկական անձնակազի ներկայացուցիչները:

Ակցիայի շրջանակում սոնոգրաֆիկ հետազոտություն (կրծքագեղձ, վահանձև գեղձ, որովայն) անցավ և նեղ-մասնագիտական խորհրդատվություններ ստացավ մարզի ավելի քան 200 բնակիչ»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ Ուռուցքաբանության ազգային կենտրոնի մարզային այցերը կրելու են շարունակական բնույթ: «Մեզ համար կարևոր է, որ մեր երկրի բնակչությունը ստանա որակյալ մասնագիտական խորհրդատվություն, հետագայում` բուժում`  անկախ բնակության վայրից»,- հայտնում են կենտրոնից:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում