ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց ՍԴ-ին վերաբերող փոփոխությունները
Ազգային ժողովը 80 կողմ, 1 դեմ ձայներով ընդունեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Սուրեն Գրիգորյանի և Վահագն Հովակիմյանի կողմից ներկայացված «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը։
Թեև նախագծի առաջինից երկրորդ ընթերցման ռեժիմում գրավոր առաջարկներ չէին ներկայացվել, նախագիծն, ըստ էության, չէր փոփոխվել, մինչդեռ քվեարկությունից առաջ իշխող խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը քսան րոպե ընդմիջում խնդրեց։
ԱԺ նիստին ներկա չէին «Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունները։
Նշենք, որ սահմանդարական փոփոխությունների նախագիծը դրվում է քվեարկության և ընդունվում պատգամավորների առնվազն երկու երրորդ ձայներով։
Այսպիսով, նախագծով կփոփոխվի ՍԴ դատավորների թափուր տեղերի համար առաջադրող մարմինների կողմից կատարվող առաջադրումների հերթականությունը: Ըստ այդմ` առաջինը թեկնածուի առաջադրում կատարում է Կառավարությունը, երկրորդը` Հանրապետության նախագահը, իսկ երրորդը՝ Դատավորների ընդհանուր ժողովը: ՍԴ դատավորների երեք թափուր տեղերի համար առաջադրումները կատարվելու են միաժամանակ` համապատասխանաբար Կառավարության, Հանրապետության նախագահի և Դատավորների ընդհանուր ժողովի կողմից` 2020 թվականի հունիսի 22-ի Սահմանադրության փոփոխություններն ուժի մեջ մտնելուց, այն է` հունիսի 26-ից հետո` երկամսյա ժամկետում:
Փոփոխություններ են կատարվել նաև լիազորությունների ժամկետը ավարտված և պաշտոնավարումը դադարած ՍԴ դատավորների` կենսաթոշակի անցնելուն վերաբերող հոդվածում: Հստակեցվում է 2020 թվականի հունիսի 22-ի Սահմանադրության փոփոխությունների արդյունքում պաշտոնավարումը չդադարած ՍԴ մյուս դատավորների` պաշտոնավարումը շարունակելու օրենսդրական հիմքը:
Կարծիքներ