ՀՀ դեսպանն Իտալիայի խորհրդարանում ներկայացրել է Բաքվի նկատմամբ միջազգային հանրության քայլերի անհրաժեշտությունը

ՀՀ դեսպանն Իտալիայի խորհրդարանում ներկայացրել է Բաքվի նկատմամբ միջազգային հանրության քայլերի անհրաժեշտությունը

Իտալիայում Հայաստանի դեսպան Ծովինար Համբարձումյանը հունվարի 24-ին մասնակցել է խորհրդարանական լսումների՝ Իտալիայի Հանրապետության Պատգամավորների պալատի Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում, և հանդես եկել Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ լայնածավալ ելույթով, պատասխանել խորհրդարանականների հարցերին:

Իտալիայում ՀՀ դեսպանության Ֆեյսբուքի էջից տեղենակում ենք, որ Ծովինար Համբարձումյանը, մասնավորապես նշել է, որ, ևս մեկ անգամ ընդգծելով տարածաշրջանում խաղաղություն և կայունություն կառուցելու հայկական կողմի վճռականությունը՝ Հայաստանը միջազգային գործընկերներին կոչ է անում նպատակաուղղված հայտարարությունների և գործողությունների միջոցով պարտավորեցնել և կոչ անել Ադրբեջանին անհապաղ վերացնել Լաչինի միջանցքի շրջափակումը և ապահովել միջազգային կազմակերպությունների մուտքը դեպի Լեռնային Ղարաբաղ, հարգել 2020 թվականի նոյեմբերի 9-ի Եռակողմ հռչակագիրը, վերջ դնել բոլոր ռազմատենչ և սպառնալից հայտարարություններին, ատելության հռետորաբանությանը,  ադրբեջանական զորքերը դուրս բերել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքից, ազատ արձակել բոլոր ռազմագերիներին:

Ստորև ներկայացվում ՀՀ դեսպանի ելույթի տեքստն ամբողջությամբ.

«Հարգելի նախագահ Տրեմոնտի,

Հարգելի փոխնախագահներ,

Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի հարգելի անդամներ,

Մեծ հաճույքով ընդունեցի այս հանձնաժողովի հարգելի անդամներին դիմելու հրավերը։

Ինձ համար կրկնակի պատիվ է այս հարգարժան հանձնաժողովին դիմելու հնարավորությունը՝ նրա կազմավորումից կարճ ժամանակ անց։ Բնականաբար, արդեն ճանաչում եմ ձեզնից մի քանիսին, և հուսով եմ, որ մոտ ապագայում կկարողանամ համագործակցել շատերիդ հետ:

Ես այստեղ եմ որպես Իտալիայի բարեկամ երկրի ներկայացուցիչ։ Մի երկրի, որը, ինչպես և ձերը, կարող է հպարտանալ հին արմատներով, ընդհանուր արժեքներով և բազմադարյա երկկողմ հարաբերություններով։ Եվ այս ամուր հիմքի վրա դարերի ընթացքում ամրապնդվել է մեր բարեկամությունը, որի վրա հիմնված են մեր երկու պետությունների միջև առկա փոխվստահելի հարաբերությունները։

Հանձնաժողովի հարգելի անդամներ,

Այսօր Հայաստանն ու Իտալիան վայելում են քաղաքական երկխոսության բարձր մակարդակ, որ հատկանշվում է ինտենսիվ փոխայցելություններով և բազմակողմ համագործակցությամբ։

Մեր տնտեսական հարաբերությունները նույնպես դինամիկ զարգանում են։ Իտալական ներդրումները Հայաստանում տարեցտարի աճում են. 2022 թվականի առաջին տասնմեկ ամիսների տվյալներով՝ մեր երկրների միջև առևտուրն աճել է 15 տոկոսով։

Մեծապես կարևորում եմ Հայաստանի և Իտալիայի խորհրդարանների միջև վերջերս հաջողությամբ ավարտված «Թվինինգ» ծրագիրը, որի շրջանակնեում գրանցվել է երկու ազգային ժողովների միջև ինտենսիվ և ամրապնդված համագործակցություն: Թույլ տվեք ասել, որ մեզ՝ երիտասարդ խորհրդարանական ժողովրդավարության համար, շատ կարևոր էր, որ հենց Իտալիան էր մեր գործընկերը այս ծրագրում, քանի որ մեր երկրները մոտ են սահմանադրությամբ, քաղաքական համակարգերով, մտածելակերպով։ Այսպիսով, իտալական խորհրդարանական փորձի փոխանցումը շատ կարեւոր էր Հայաստանի համար։

Օգտվելով նաև այս հանդիպման առիթից՝ ես վերստին շնորհակալություն եմ հայտնում Պատգամավորների պալատին՝ նախորդ օրենսդիր մարմնում Հայոց ցեղասպանությունը ճանաչելու և դատապարտելու համար։ Իմ խորին երախտագիտությունն եմ հայտնում փոխնախագահ Պաոլո Ֆորմենտինիին՝ որպես բանաձևի առաջին ստորագրող և փոխնախագահ Լիա Քուարտապելլեին, ինչպես նաև Լաուրա Բոլդրինիին՝ հայ ժողովրդի և նաև արդարության հանդեպ ցուցաբերած զգայունության համար նաև այս առիթով. զգայունություն, որը դուրս է ցանկացած քաղաքական տարաձայնությունից խորհրդարանի դահլիճում:

Հարգելի պատգամավորներ,

Չնայած պատմության դատապարտմանը, ցավոք, պետք է նկատենք, որ Թուրքիայի և Ադրբեջանի կողմից հայերի նկատմամբ հալածանքի թե քաղաքականությունը և թե մեթոդաբանությունը դեռ լիարժեքորեն գործում է։

Անցած դեկտեմբերի 12-ից Լեռնային Ղարաբաղի շրջանը շրջափակված է Ադրբեջանի կողմից։ Ադրբեջանի կառավարության հրահանգով այսպես կոչված «բնապահպան ակտիվիստները» արգելափակել են Լաչինի միջանցքը՝ Լեռնային Ղարաբաղի միակ կապը Հայաստանի և մնացած աշխարհի հետ։

Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամն օրեցօր ավելի է վատթարանում. առաջին անհրաժեշտության ապրանքների, սննդի և դեղամիջոցների պակասը գնալով ավելի օրհասական է դառնում։ Սովի վտանգը շոշափելի է. փաստորեն, 120 հազար մարդ գերի է ընկել։

Իրավիճակը էլ ավելի է սրվում Ադրբեջանի կողմից գազի (ձմռան կեսին), էլեկտրականության և ինտերնետ կապի անջատումներով։

Փակ են մանկապարտեզներն ու դպրոցները, հիվանդանոցները դադարեցրել են վիրահատությունները, մանկահասակ երեխաների համար այլևս կաթի փոշի չկա։

ԱՄՆ-ը, Եվրամիությունը, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը և տասնյակ երկրներ արդեն դիմել են Ադրբեջանին՝ ապաշրջափակել Լեռնային Ղարաբաղ տանող ճանապարհը։ Օրերս նաև Եվրախորհրդարանը լայն մեծամասնությամբ քվեարկեց դրա վերաբերյալ բանաձևին: Ի պատասխան միջազգային այս կոչերի՝ Ադրբեջանի նախագահը չվարանեց հաստատել, որ կապն արգելափակած «ակտիվիստները» դա արել են իր հանձնարարությամբ՝ հեգնանքով հավելելով, որ նրանք, ովքեր չեն ցանկանում լինել Ադրբեջանի քաղաքացի, կարող են ապահով հեռանալ, և շրջափակումը նրանց համար կբացվի։

Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի հարգելի անդամներ,

Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը արդեն 30 տարի մեր տարածաշրջանի անվտանգության և կայունության հիմնական մարտահրավերն է և այժմ ներկայացնում է մի շարք սպառնալիքներ՝ քաղաքական և ռազմական բնույթի, Հայաստանի, ողջ տարածաշրջանի և հետևաբար նաև Եվրոպայի ու նույն Իտալիայի համար։

Այս հակամարտության արմատները գալիս են խորհրդային ժամանակներից: Պատմականորեն հայկական Լեռնային Ղարաբաղը կամ Արցախը, խորհրդային բռնապետ Իոսիֆ Ստալինի որոշմամբ 1921 թվականին բռնի կերպով ընդգրկվել է Ադրբեջանի կազմում՝ որպես ինքնավար մարզ։

Խորհրդային այս 70 տարիների ընթացքում միակ ժամանակաշրջանը, երբ Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմում էր, նշանավորվեց հայերի նկատմամբ կոտորածներով, տեղահանություններով, խտրականությամբ և անհանդուրժողականության այլ ձևերով։ Բավական է մտածել, որ 1920 թվականին Լեռնային Ղարաբաղում ապրում էր մոտ 300,000 մարդ, որոնցից ավելի քան 95%-ը հայեր էին. 1988-ին մնացել էր ընդամենը 140.000 հայ, իսկ այսօր՝ միայն 120.000։

1988 թվականին՝ Խորհրդային Միության վերջին շրջանում, Լեռնային Ղարաբաղի հայերը սկսեցին բողոքել և պահանջել այն իրավունքները, որոնցից միշտ զրկված են եղել։ Ադրբեջանը, չախորժելով խաղաղ ցույցերը, պատասխանեց Սումգայիթում (իսկ ավելի ուշ՝ Բաքվում և Կիրովաբադում) բնակվող հայերի ջարդերով։

Սումգայիթյան ջարդերն էին, որ որոշիչ դեր խաղացին Լեռնային Ղարաբաղի հակամարտության բռնկման գործում։ 1988-ի փետրվարին ադրբեջանցիների զինված ավազակախմբերը օրը ցերեկով, իշխանությունների աչքի առաջ, հակահայկական ատելություն հրահրելով, ներխուժեցին տներ՝ օրեր շարունակ «մարդաորս» սանձազերծելով։ Համատեքստ, որը ցավալիորեն արթնացնում էր ցեղասպանությամբ նշանավորված մեր անցյալը: Ադրբեջանցիների կատարած վայրագությունները տասնյակ անմեղ զոհերի, հարյուրավոր վիրավորների ու հաշմանդամների պատճառ դարձան։ Այս իրադարձությունները մեծացրեցին լարվածությունը երկու ժողովուրդների միջև և փոխեցին հակամարտության բնույթը:

Այստեղ կցանկանայի հիշել ադրբեջանցի մեծ մտավորական և գրող Աքրամ Այլիսլիին, ով իր «Քարե երազներ» գրքում խիզախորեն նկարագրել է Սումգայիթում հայերի դեմ ադրբեջանցիների կողմից իրականացված ջարդերը, ինչի համար Կառավարության կողմից գրողը զրկվեց բոլոր մրցանակներից ու կոչումներից, գրքերը հրապարակայնորեն այրվեցին, որդուն ու կնոջը հեռացրին աշխատանքից, իսկ գրողի ականջը կտրելու համար խոստացվեց 13000 դոլար «բոնուս»: Աքրամ Այլիսլին իրականում ընդամենը խաղաղ համակեցության կոչ էր անում։

Հարգելի Արտաքին հարաբերությունների հանձնաժողով,

Գործնականում Խորհրդային Միությունը փլուզվեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության բռնկմամբ։ Որոշ փորձագետների կարծիքով՝ վերջինս նույնիսկ դրա պատճառն էր։ Հայաստանն իր անկախությունը հռչակեց 1991 թվականի սեպտեմբերի 21-ին: 1991 թվականի դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղը նույնպես հռչակեց իր անկախությունը միջազգային իրավունքի նորմերին համապատասխան, ինչպես նաև Խորհրդային Միության ժամանակաշրջանի օրենքներին համապատասխան նշանակված և անցկացված հանրաքվեի արդյունքում: 1991-ի դեկտեմբերի 29-ին՝ ԽՍՀՄ փլուզումից երեք օր անց, Ադրբեջանը նույնպես պաշտոնապես հռչակեց անկախություն։

Ադրբեջանական խորհրդային նախկին հանրապետության փոխարեն, հետևաբար, ձևավորվեցին երկու առանձին պետական միավորներ՝ Ադրբեջանի Հանրապետությունը և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը։ Ուստի Լեռնային Ղարաբաղը երբեք չի եղել անկախ Ադրբեջանի կազմում։ Ավելին, Ադրբեջանն իր անկախությունը հռչակեց Լեռնային Ղարաբաղից 19 օր հետո։

Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կողմից իր ինքնորոշման իրավունքի իրացման՝ Ադրբեջանը հրահրեց լայնածավալ պատերազմ, որը տևեց 1992-1994 թվականներին, որի ընթացքում երկու կողմից զոհվեց ավելի քան 30000 մարդ։

Հայերը, հանուն ազատության պաշտպանության պայքարի, կարողացան դիմադրել, պահպանել նորաստեղծ փոքր պետության անկախությունը և երաշխավորել նրա անվտանգությունը՝ վերահսկողության տակ առնելով շրջակա որոշ տարածքներ։

Նրանց, ովքեր առաջ են տանում ադրբեջանական նարատիվը հայերի կողմից իրենց տարածքի մի մասի օկուպացիայի մասին, ովքեր խոսում են հազարավոր փախստականների, ականապատ դաշտերի, զոհերի և ավերածությունների մասին, պետք է հարց տալ. ո՞վ հրահրեց հակահայկական ջարդերը ի պատասխան խաղաղ ցույցերի, ո՞վ սկսեց Ղարաբաղյան առաջին և հաջորդ պատերազմները, որոնք պատճառեցին ավերածություններ, մարդկային կորուստներ, խեղված ճակատագրեր, հազարավոր փախստականներ։

Անշուշտ ոչ Հայաստանը՝ իր 3 միլիոնանոց բնակչությամբ։ Հիրավի, Ադրբեջանը Ղարաբաղյան առաջին պատերազմից հետո դարձավ սեփական ագրեսիայի զոհը։

Հայաստանն անկախացել է սարսափելի ծանր պայմաններում՝ Խորհրդային Միության փլուզմամբ, կազմաքանդված տնտեսությամբ, քաղաքական համակարգի փոփոխությամբ, Ադրբեջանի ու Թուրքիայի կողմից շրջափակմամբ։ Ավելին, 1988-ի ավերիչ երկրաշարժի հետևանքով ամբողջ Հյուսիսային Հայաստանը հողին էր հավասարվել՝ ունենալով 25000 զոհ։

Երևի լավ կհիշեք այս տարերային աղետը, որովհետև իտալացիներն առաջիններից էին, ովքեր օգնության հասան Հայաստանին՝ պատգամավոր Զամբերլետիի կողմից ստեղծված նորաստեղծ Քաղաքացիական պաշտպանության՝ արտասահման կատարած առաջին առաքելությամբ։

Կա որևէ մեկը, որ հավատո՞ւմ է, որ Հայաստանը կարող է պատերազմ հայտարարել Թուրքիային և Ադրբեջանին։

Պատերազմը դառը բան է, սարսափելի՝ բոլոր առումներով։ Անձամբ ես երբեք ռազմական գործողություններ անմիջականորեն չեմ ապրել, բայց հիշում եմ իմ ուսանողական բոլոր օրերը, երբ մոմի լույսի տակ գիրք էի կարդում մինուս քսան աստիճանի պայմաններում։ Տարիներ շարունակ ոչ լույս կար, ոչ գազ, ոչ ջուր։

Հանձնաժողովի հարգելի անդամներ,

Ինչ վերաբերում է 2020 թվականի 44-օրյա պատերազմին, այն ավերիչ պատերազմ էր և շատ տարբեր 90-ականների պատերազմից։

Օգտագործվել են նոր սերնդի զենքեր, Թուրքիայի անմիջականորեն ներգրավված էր իր կործանիչներով և «Բայրաքթար» անօդաչու թռչող սարքերով, Ադրբեջանը լայնորեն կիրառել է միջազգային կոնվենցիաներով արգելված զենքեր, ինչպիսիք են կասետային և սպիտակ ֆոսֆորային ռումբերը։ Բացի այդ, Թուրքիան հավաքագրել է հազարավոր վարձկանների, որոնք Մերձավոր Արևելքից տեղափոխվել են Ադրբեջան՝ հայերի դեմ կռվելու համար։

Պատերազմը տևեց ուղիղ 44 օր և 2020 թվականի նոյեմբերի 9-ին Ռուսաստանի Դաշնության միջնորդությամբ ստորագրվեց եռակողմ հռչակագիր, որը դադարեցրեց պատերազմը։

Վերոնշյալ հայտարարությունը, սակայն, խաղաղություն չի բերել մեր տարածաշրջանին։

Մինչ օրս, օգտվելով դեռևս փխրուն իրավիճակից, Ադրբեջանը շարունակում է իր պատերազմական քաղաքականությունը նաև Հայաստանի ինքնիշխան տարածք ներթափանցումների, հայ զինվորների սպանությունների և գերեվարումների, հայկական մշակութային և կրոնական ժառանգության յուրացման ու ոչնչացման, Հայաստանի և հայ ժողովրդի նկատմամբ շարունակական սպառնալիքների և ատելության բորբոքման միջոցով։

Ադրբեջանի գործողություններն էլ ավելի անվերահսկելի են դարձել 2022 թվականի փետրվարից, երբ միջազգային ողջ ուշադրությունը կենտրոնացած էր բացառապես ուկրաինական պատերազմի վրա. ուստի գրեթե աննկատ անցան սեպտեմբերի 13-ին Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի վրա հերթական ագրեսիան և Լաչինի միջանցքի շրջափակումը։

Անցյալ սեպտեմբերին երեք օր ռմբակոծությունների և կրակոցների հետևանքով զոհվեց մոտ 250 մարդ. 8000 մարդ, հիմնականում կանայք, երեխաներ և ծերեր, ստիպված են եղել լքել իրենց տները։

Հայաստանի խիտ բնակեցված քաղաքները ենթարկվել են թիրախային հարձակումների։ Միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտմամբ՝ Ադրբեջանը գերի է վերցրել, խոշտանգել և սպանել հայ զինծառայողներին։

Ադրբեջանական լրատվամիջոցները տարածել են ցնցող լուսանկարներ և տեսանյութեր, որտեղ հայ կին զինվորականները ենթարկվում են ամենազազրելի բարբարոսությունների, ներառյալ ծայրահեղ դաժան սեռական բռնությունների, սպանությունների և անդամահատությունների:

Օգտվելով առիթից՝ շնորհակալություն եմ հայտնում Իտալիայի բոլոր քաղաքական ուժերին, որոնք խստորեն դատապարտեցին սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի ագրեսիան Հայաստանի դեմ։

Հարգելի ներկաներ,

Այն, ինչ տեղի է ունենում, ցույց է տալիս, որ Ադրբեջանի ղեկավարությունը ոչ մի կերպ շահագրգռված չէ Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հաստատմամբ։

Ադրբեջանի նախագահը՝ Եվրոպայի համար որպես «վստահելի էներգետիկ գործընկեր» ճանաչմամբ ամրապնդված, անպատժելիորեն շարունակում է ուժի կիրառմամբ Հայաստանի ինքնիշխան տարածքն օկուպացնելու քաղաքականությունը՝ ընդհուպ նոր տարածքային պահանջներ ներկայացնելով և սպառնալով օկուպացնել Հայաստանի այլ շրջանները և անգամ մայրաքաղաք Երևանը։

Վերջին տարիներին Ադրբեջանի կառավարությունը միլիարդավոր դոլարներ է հատկացրել զենք գնելու և աշխարհի տարբեր պաշտոնյաներին կաշառելու համար, ինչպես ցույց են տվել նաև Եվրախորհրդի հետաքննությունները։ Ադրբեջանի բարձրագույն իշխանությունները հրապարակայնորեն հայտարարել են, որ աշխարհասփյուռ հայերը Ադրբեջանի թիվ մեկ թշնամին են՝ հանրային կարծիքը սնելով ատելության խոսքով և նախապատրաստելով նրանց նոր պատերազմի: Ադրբեջանական ռեժիմը աշխարհի մարդու իրավունքների և ազատությունների բոլոր վարկանիշներում միշտ զբաղեցնում է վերջին տեղերը, մինչ ընդդիմությունը անվանվում է «հինգերորդ շարասյուն» և բանտարկվում է։

Եվ ձեզ համար իրոք զարմանալի՞ է, որ Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությունը չի ցանկանում ապրել այս տեսակի երկրի ռեժիմի ներքո։ Արդյո՞ք նրանք, ինչպես մենք բոլորս, չեն կարող ընտրել ժողովրդավարական պետությունում ապրելը:

Տիկնայք եւ պարոնայք,

Ուզում եմ ընդգծել, որ Լեռնային Ղարաբաղի հայերի համար պայքարը երբեք տարածքի համար չի եղել, հակամարտությունը կրոնական կամ մշակութային բնույթ չունի։ Խոսքը վերաբերում է մի ժողովրդի կյանքի իրավունքին, որը եղել և գտնվում է գոյաբանական սպառնալիքի ներքո։

Ինչպե՞ս կարելի է ժողովրդին ստիպել ապրել մի պետությունում, որն իրեն էթնիկապես ատում է, բռնատիրական մի համակարգում, որը ղեկավարում է նույն ընտանիքը ավելի քան երեսուն տարի:

Լեռնային Ղարաբաղը տարածք չէ. Լեռնային Ղարաբաղը ժողովուրդ է, նրա բնակչությունն է՝ մեզ նման մարդիկ։ Նրանց ազատության համար պայքարը արժեցել է հազարավոր մարդկային կյանքեր, խեղաթյուրված ճակատագրեր, փշրված երազանքներ և դժբախտ մանկություն:

Ավելի քան 30 տարի շարունակվող Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն արդեն տասնյակ հազարավոր կյանքեր է խլել։ Ինչո՞ւ են մեր հարևաններն էլ ավելի շատ զոհեր, ավելի շատ ավերածություններ, ավելի շատ մարդկային տառապանքներ ուզում։ Պատկերացնու՞մ եք, թե քանի երիտասարդ է զոհվել, քանի՞ մայր է սգում իր զավակին։ Եվ քանի՞ կյանք է ընդհատվել նաև սահմանից այն կողմ. նրանք էլ ունեին մայրեր, հայրեր, կանայք, ընտանիքներ, երազանքներ…

Տիկնայք եւ պարոնայք,

Հայաստանը բազմիցս հայտարարել է, որ պատրաստ է տարածաշրջանում խաղաղ զարգացման դարաշրջան սկսել։ Միևնույն ժամանակ, պարզ է, որ այդ ջանքերը չեն կարող լինել միակողմանի, և մենք ակնկալում ենք նույնքան կառուցողական մոտեցում և կոնկրետ քայլեր մեր հարևաններից։ Մեր տարածաշրջանը աշխարհի միակ տարածաշրջանը չէ, որտեղ հարեւան երկրները միմյանց հետ պատերազմի պատմություն են ունեցել։ Հայաստանը հավատարիմ է բոլոր հակամարտությունները քաղաքակիրթ ձևով և բանակցությունների միջոցով լուծելուն և պատրաստ է հետևել հարևանության քաղաքականության եվրոպական բանաձեւին։

Յուրաքանչյուր նոր սերնդի մեջ ատելություն սերմանելով՝ մենք ավելի ենք հեռանում խնդրի լուծումից։

Համոզված ենք, որ միջազգային հանրությունը կարևոր դեր ունի և պետք է վճռական լինի միջազգային վեճերը լուծելու համար ուժի կիրառման հանցավոր պրակտիկայի առջև։

Ինչպես ասել է հռոմեական կայսր Մարկոս Ավրելիոսը. «Հաճախ անարդարություն է իրականացվում ոչ միայն գործելով, այլև չգործելով»։

Եվս մեկ անգամ ընդգծելով տարածաշրջանում խաղաղություն և կայունություն կառուցելու հայկական կողմի վճռականությունը՝ մենք միջազգային գործընկերներին կոչ ենք անում նպատակաուղղված հայտարարությունների և գործողությունների միջոցով պարտավորեցնել և կոչ անել Ադրբեջանին.

- անհապաղ վերացնել Լաչինի միջանցքի շրջափակումը և ապահովել միջազգային կազմակերպությունների մուտքը դեպի Լեռնային Ղարաբաղ.

- հարգել 2020 թվականի նոյեմբերի 9-ի Եռակողմ հռչակագիրը.

- վերջ դնել բոլոր ռազմատենչ և սպառնալից հայտարարություններին, ատելության հռետորաբանությանը.

- ադրբեջանական զորքերը դուրս բերել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքից.

- ազատ արձակել բոլոր ռազմագերիներին:

Հարգելի ներկաներ,

Օգտվելով առիթից՝ շնորհակալություն եմ հայտնում նաև իտալական լրատվամիջոցներին, որոնք վերջին օրերին բազմաթիվ հոդվածներ են գրում՝ իտալական հանրության շրջանում շարունակվող հումանիտար ճգնաժամի մասին իրազեկությունը բարձրացնելու նպատակով: Նրանք վաղ նախազգուշացման մեծ աշխատանք են կատարել՝ ազդարարելով, որ լայնածավալ էթնիկ զտում է նախապատրաստվում Լեռնային Ղարաբաղի հայերի դեմ։ Որ վաղը ոչ ոք չկարողանա ասել՝ «ես չգիտեի»։

Շնորհակալություն ուշադրության համար»։