Խուզարկություններ վրաստանյան ընդդիմադիր ուժերի գրասենյակներում
Վրաստանում արդեն վեցերորդ օրն է՝ ցույցերը չեն դադարում: Ակցիայի մասնակիցները բողոքում են Եվրամիությանը երկրի անդամակցության շուրջ բանակցությունները մինչև 2028 թվականն օրակարգից հանելու՝ իշխող կուսակցության որոշման դեմ: Ցուցարարների և ոստիկանների միջև բախումներ են եղել: Բերման են ենթարկվել մի շարք ցուցարարներ: ՆԳՆ տվյալով՝ գերատեսչության 143 աշխատակից է վիրավորվել: Դեկտեմբերի 3-ին բուժհաստատություններ է տեղափոխվել ցույցի 11 մասնակից և լրատվամիջոցների 3 աշխատակից: Նշվում է, որ սա միայն Արտակարգ իրավիճակների համակարգման կենտրոնի և շտապ օգնության ծառայության կողմից օգնություն ստացած քաղաքացիների թիվն է: ԵՄ-Թբիլիսի լարվածության ֆոնին՝ Եվրախորհրդի գլխավոր քարտուղար զրուցել է Վրաստանի նախագահի և վարչապետի հետ, վերահաստատել աջակցությունը Հանրապետության եվրոպական ապագային:
Նա կոչ է արել բոլոր կողմերին զերծ մնալ էսկալացիայից և հետաքննել ցույցերի ժամանակ իրավապահների կողմից ուժի կիրառման մասին հաղորդումները: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն էլ հայտարարել է, որ դաշինքը մտահոգված է Վրաստանում զարգացումներով: Մինչդեռ վարչապետ Իրակլի Կոբախիձեն շնորհակալություն հայտնել իրավապահներին իրենց աշխատանքի համար: Նրա խոսքով՝ «հեղափոխություն» կազմակերպելու փորձը ձախողվել է, իսկ ցույցերի կազմակերպիչները պատասխանատվության են ենթարկվելու:
Հայտնի է դարձել, որ ոստիկանները խուզարկություններ են անցկացնում ընդդիմադիր ուժերի գրասենյակներում: Մի շարք անձինք, այդ թվում՝ «Հանուն փոփոխությունների» կոալիցիայի առաջնորդ Նիկա Գվարամիան, բերման են ենթարկվել:
Կարծիքներ